Արարատ Միրզոյանը մերժում է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. Ռուբեն Հակոբյանը՝ Լավրով-Միրզոյան հանդիպման մասին

Այսօր ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով ՀՀ և ՌԴ Արտաքին գործերի նախարարների հանդիպմանը՝ արձանագրեց, որ յուրաքանչյուր հանդիպումից առաջ կամ հետո սահմանին զոհեր ենք ունենում:

«Սա արդեն աքսիոմա է դառնում, թե ինչո՞ւ, իհարկե, կարելի է հասկանալ: Ամեն մի հանդիպում նոր բացահայտումներ է անում: Երևի մեր իշխանության ներկայացուցիչներն էլ չեն հասկանում, որ բացահայտումներ են անում: Լավրովը հզոր դիվանագետ է և որևէ բառ հենց այնպես չի ասում:

Գերիների հետ կապված ինքն ասաց, որ «նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքն այն գերիների մասին էր, ովքեր մինչև այդ պահն արդեն գերեվարված էին», այդպես էլ պարզ չեղավ, թե նոյեմբերի 20-ի գերիներն ի՞նչ կարգավիճակ ունեն, ինչպե՞ս են հայտնվել: Երկու տարբերակ կա՝ կա՛մ մեր իշխանությունը բացարձակապես բարձիթողի, փնթի վիճակում չէր տեղեկացրել, որ այդպիսի պայմանագիր կա, մենք պայմանավորվել ենք թշնամու հետ, որ հետ կանչեն զինվորականներին, երկրորդ տարբերակը, եթե իսկապես ադրբեջանական բանակը, որ ասում էր՝ «մնում ենք այն սահմանին, որում այդ պահին կանք», եկել բռնազավթել, բռնագրավել է, գերեվարել է մեր զինվորին, այդ դեպքում ինչո՞ւ միջազգային ամբիոններում աղմուկ չի բարձրացվում: Խոսքն ինչի՞ մասին է, ինձ համար գաղտնիք մնաց, նրանք գերի՞ են, թե՞ ոչ: Լավրովը, որ խոսում է, ասում է՝ «եղբայր, մտածեք, թե ի՞նչ եք պայմանավորվել իրենց հետ, որովհետև մեր պայմանավորվածության շրջանակը սա է եղել, դրանից հետո են գերեվարվել: Սա մի բացահայտում էր: Շատ խեղճ ու կրակ վիճակում էր մեր արտգործնախարարը, օրն էլ սեպտեմբերի 1-ն էր, ոնց որ դպրոցականին տանեիր, ուսուցիչը նայեր, թե ի՞նչ պոտենցիալ ունի»,- ասաց Հակոբյանը:

Նա նկատեց նաև, որ Արարատ Միրզոյանի արած հայտարարություններից մեկը հակասում է մինչև այդ պահը Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին:

«Մեր Սահմանադրությամբ արտաքին  քաղաքականության հայեցակարգը, կոնցեպտը մշակում է վարչապետը, դիվանագիտական կորպուսը դա իրականացնում է: Արարատ Միրզոյանը մի բան ասաց, երևի մինչև հիմա էլ չի գիտակցել, որ ասել է՝ մենք չունենք կոնցեպտ: Ասաց այդ պոպուլիստական բանը, որ մենք խաղաղության օրակարգ ունենք, ոնց որ Նիկոլն է ասել, բայց ասաց՝ այդ խաղաղության օրակարգը կարող ենք ձևավորել Արցախի կարգավիճակը ճշտելուց հետո, այն դեպքում, որ Ադրբեջանն ասում է՝ ինձ համար չկա Արցախի կարգավիճակի հարց:

Այսինքն՝ ի՞նչ է նշանակում, այս վիժվածքն ամբողջ աշխարհի էմոցիան գողանալու համար ասում է՝ տեսեք, մենք ինչ խաղաղասեր ենք, մեր օրակարգը, ինչքան էլ այս տարածաշրջանում ենք, ինչքան էլ մեր թշնամին ագրեսիվ է, մենք խաղաղության օրակարգով ենք գնում, բայց նրանք՝ ոչ, ինչպես ժամանակին ասում էր, որ պետք է Արցախի հարցն այնպիսի լուծում գտնի, որ դրանից գոհ լինեն և՛ Ադրբեջանի, և՛ Արցախի, և՛ Հայաստանի ժողովուրդը: Արտաքին հարաբերություններում  ամենադաժան հարվածներից մեկը պոպուլիզմն է, հիմա ինքն էլի պոպուլիզմի վրա է նստած: Արարատ Միրզոյանը, որ ասում է, ուղղակի ժխտում է, մերժում է այն օրակարգը, որը տալիս է Նիկոլը, այսինքն՝ ասում է՝ Արցախի կարգավիճակը ճշտելուց հետո կարող է խաղաղության օրակարգը կյանքի կոչվել, այն դեպքում, որ թշնամին ամեն վայրկյան շուտասելուկի պես ասում է, որ նման հարց չկա»,- ասաց Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս