«Ալիևը շարունակելու է մինչև այն պահը, երբ կստանա հայկական բռունցքն իր մռթին և դուրս կշպրտվի հայկական հողերից». Սարգիս Ավետիսյան
«Ուզում եմ, որ Արցախի և ողջ հայությունը գիտակցի, որ Արցախը ոչ միայն աշխարհագրական տարածք է, այլև գաղափարախոսություն, և առանց այդ գաղափարախոսության, կարծում եմ՝ հայ ժողովուրդն ապագա չունի»,- «Հայելի» ակումբում շնորհավորելով Արցախի անկախության 30-ամյակի առիթով՝ ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:
Ինչ վերաբերում է Արցախի ներկայիս վիճակին՝ բանախոսը նշեց.
«Հայկական այս իշխանություններն Արցախը հասցրին կործանման եզրին ու դեռ ամոթ էլ չեն անում՝ շնորհավորում են Արցախի անկախությունը, որն այդպես հետևողական ոչնչացրեցին: Բայց կարծում եմ՝ դա չի հաջողվի, որովհետև, եթե նույնիսկ մի քանի հայ մնա աշխարհում՝ հայերի մեջ Արցախը մնում է և որպես գաղափարախոսություն, և համոզված եմ՝ անպայման հաղթելու ենք, ու այդ հաղթանակը շատ հեռու չէ»:
Սարգիս Ավետիսյանը շեշտեց՝ թշնամու նպատակը Երևանն է, նրանք չեն բավարարվում ինչ-որ մի հատվածով, նրանք վերցնում են ամբողջը:
«Ալիևը շարունակելու է մինչև այն պահը, երբ կստանա հայկական բռունցքն իր մռթին և դուրս կշպրտվի հայկական հողերից: Քանի այս իշխանությունները կան, նրանց օրոք նման բան տեղի չի ունենա: Մարդիկ հիմա ուղղակի գնում են Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներ, երբ ահավոր արտագաղթ կար երկրում: Հիմա նույն բանն է, այնպես որ՝ առաջ գնալու փոխարեն՝ հետ գնացինք, և դեռ Տեր-Պետրոսյանն ինչ-որ ելույթ է ունենում ու ասում է, թե՝ տեսա՞ք, որ ես ճիշտ էի ասում, Արցախի հարցում ոչ մի դաշնակից չունենք աշխարհում: Նման բան չպետք է ասեր, որովհետև մենք ունեցել ենք դաշնակիցներ և նրանց հետ 30 տարի կարողացել ենք պահել Արցախը»,- նշեց բանախոսը: