Կառավարությունը «կարևոր» իրադարձություն արձանագրեց. «Մուդիս» վարկանիշավորման կազմակերպությունը ՀՀ-ին տրված վարկանիշը թողել է նույնը

Թեև կառավարության հերթական նիստը չէր վարում Նիկոլ Փաշինյանը, սակայն այս անգամ ևս այն սկսվեց «կարևոր» իրադարձության մասին ազդարարումով:

«Օգոստոսի 31-ին «Մուդիս» հեղինակավոր վարկանիշավորման կազմակերպությունը հրապարակեց հերթական զեկույցը, որով ՀՀ-ին տրված վարկանիշը թողեց նույնը՝ ընթացիկ վարկանիշը սահմանելով BA3, իսկ հեռանկարը՝ կայուն»,- նշեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ մեկնաբանելով միջազգային կազմակերպության հրապարակումը՝ նկատեց, որ «Մուդիսի» այս գնահատմամբ արձանագրվում է պատերազմի ու կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերի նկատմամբ ՀՀ տնտեսության դիմակայունության բարձրացումը և ընդգծում է, որ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն այդ տեսանկյունից արդյունավետ է:

«Նշվածը շատ կարևոր ազդակ է միջազգային ներդրողների համար, քանի որ վերահաստատում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարը և կառավարության տնտեսական քաղաքականության բարենպաստությունը ներդրումների համար:

Այն ընդգծում է նաև Հայաստանի բարձր տնտեսական աճի սպասումների ու կառավարության հարկաբյուջետային կարողությունների վերականգնման վերաբերյալ «Մուդիս»-ի կանխատեսումները։

Հրապարակման մեջ կարևոր տեղ են գրավում պետական պարտքի կառավարմանն առնչվող հարցերը. չնայած 2020թ.-ի արդյունքներով կառավարության պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշն աճել է և կազմել 63.5 տոկոս, «Մուդիսն» այս զեկույցով ընդգծում է, որ կարևորում է առաջիկա 5 տարիների ընթացքում հիշյալ ցուցանիշը 60 տոկոսից նվազեցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության քաղաքականությունը»,- նշեց Տիգրան Խաչատրյանը:

«Մուդիսն» ընդգծել է նաև այն գործոնները, որոնք կարող են նպաստել ՀՀ տնտեսական վարկանիշի հետագա բարձրացմանը, որոնք են՝ մրցակցության բարձրացումն ու կառավարման ինստիտուտների արդյունավետությանն ուղղված բարեփոխումների արագացումը, ընթացիկ հաշվի պակասուրդի բարելավումը, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների միջոցով, հարևան երկրների հետ լարվածության թուլացումը։

Հիշեցնենք՝ 2019 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից «կարևոր իրադարձություն» սահմանումով անդրադարձավ «Մուդիսի» գնահատականին, ըստ որի՝ Հայաստանի սուվերեն վարկանիշը b1-ից բարձրացել է մեկ մակարդակ և հաստատվել BA3 մակարդակում:

Տնտեսագետները, սակայն, այդ ժամանակ հիշեցրին, որ առաջին անգամը չէ, երբ «Մուդիսը» BA3 վարկանիշն է տվել Հայաստանին, ավելին՝ 2006-ին Հայաստանն ունեցել է BA2 վարկանիշ, սակայն այս գնահատականը հիմնականում ավելին չէ, քան հնարավորություն տալ երկրին ավելի ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցներ ձեռք բերել:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս