«ՀԱԿ-ը հույս ուներ ԲՀԿ-ի ուսերի վրա գալ իշխանության». Ա.Ադիբեկյան

«Ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ Սերժ Սարգսյանը հանգիստ գա իշխանության»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Նրա կարծիքով, ընդդիմությունը կորցրել է  միավորվելու բոլոր  հնարավորությունները, ընդ որում, կորցրել է դեռ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ հնարավորություն ուներ միասնական թեկնածուներով հանդես գալ: Բայց դա տեղի չունեցավ, ինչի արդյունքում եղած հնարավորություններն էլ բաց թողնվեցին: Օրինակ, ՀՅԴ-ն, եթե նախկինում մոտ 50 համայնքի ղեկավար ուներ, այս տարվա ընտրությունների արդյունքում դարձավ այդ թիվը դարձավ 35: Ադիբեկյանի համոզմամբ, միավորվելու ևս մեկ հնարավորություն ընդդիմությունն ուներ նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ, սակայն այդ հնարավորությունը ևս չօգտագործվեց:

« Ընդդիմության դաշտը չմիասնացավ: Ամեն մեկը հանդես եկավ առանձին-առանձին և ցույց տվեց, որ դա բերեց մեծ կորուստների»,-ասաց սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դուրս գալը ընտրապայքարից բոլոր խաղաքարտերը խառնեց:
«ՀԱԿ-ը հույս ուներ ԲՀԿ-ի ուսերի վրա գալ իշխանության և իր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի եղած տոկոսներին գումարել Ծառուկյանի տոկոսները, բայց  չստացվեց»,-նշեց Ահարոն Ադիբեկյանը` ավելացնելով, որ ԲՀԿ-ն էլ իր հերթին հույս ուներ միավորել մյուսներին: Իսկ երբ դա տեղի չունեցավ, Ահարոն Ադիբեկյանի խոսքերով, Գ. Ծառուկյանը տիպիկ հայկական մոտեցում ցուցաբերեց` ինչպես դուք, այնպես էլ ես:

Կարդացեք նաև

Անդրադառնալով ՀԱԿ-ի ներսում տեղի ունեցող խմորումներին` Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը  ընտրել է չեզոք դիրք, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը երբեք էլ բարձր վարկանիշ չի ունեցել, այնպես որ՝ ամենահարմար թեկնածուն մնում է  Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սակայն նա էլ, Ահարոն Ադիբեկյանի խոսքերով, կարող է հենվել ՀԱԿ-ի մնացուկների վրա:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի, որոշիչ կլինեն  նախագահ Սերժ Սարգսյանի, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀԱԿ-ի  ներկայացուցչի թեկնածությունները։ Մյուս թեկնածուները, ըստ Ադիբեկյանի՝ բավական աննշան են և նրանց վրա «Սոցիոմետրը» ժամանակ չի ծախսում:

Ընտրողների սպասելիքների վերաբերյալ հետազոտության տվյալները «Սոցիոմետրի» ղեկավարը կներկայացնի շաբաթվա ընթացքում :

Տեսանյութեր

Լրահոս