Ամոթ մեզ, որ հանդուրժում ենք այս իշխանություններին. Դավիթ Սանասարյան

«Ժառանգություն» կուսակցության այսօրվա համագումարում երլույթ ունեցավ կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Վերջինս իր ելույթը սկսեց Գարեգին Նժդեհի խոսքերով. «Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև` հաղթական հայրենիք չեն ունենա»:

Սա թերևս ժողովրդավարության սահմանման լավագույն մոդելն է, որին արժանի է յուրաքանչյուր հայ… Ամոթ մեզ, որ հանդուրժում ենք այս իշխանություններին, թողում ենք, որ ոտքի տակ տան Նժդեհի, Ազգալդյանի, Մոնթեի և մյուս լուսավոր հայերի խոսքերն ու անվան անհարկի օգտագործումը»:

«Չնայած գործող իշխանությունների ցուցադրական հռետորաբանությանը` առանց իրական արդյունքների, ստեղծվեց համապետական անջրպետ, որը մինչ հիմա առավել քան խորացել է, քանի որ, իշխանությունների գովազդային ելույթներից զատ, մարդկանց առավել հետաքրքրում է, թե երբ իր ընտանիքի գրպանին կհասնի երկրի տնտեսության «վագրային թռիչքի» շոշափելի զգացումը, երբ իրենց տուն կմտնի երկրի համախառն ներքին արդյունքի դրական առաջընթացի թեկուզ մի փոքր հատիկը, երբ պատասխան կտան պաշտոնական դիրք զբաղեցնող հանցագործները»,- հայտարարեց նա:

Դավիթ Սանասարհանը հավելեց. ««Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, մեկ նպատակ է ունեցել քաղաքացիների հետ մեկտեղ բարելավել պետական համակարգի վիճակը: Ապահովել քաղաքացու նախաձեռնող մասնակցությունը հասարակական կյանքին, աջակցել ՀՀ-ի եվրաինտեգրման գործընթացին, հակամարտությունների կարգավորմանը:

Երկրում կոռուպցիայի դեմ պայքարում իրական գործնական քայլեր ձեռնարկել, ազգային արժեքների, քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պլատֆորմ ստեղծել, օրենքների գերակայման արդյունավետություն ապահովել: Համախոհների ու իրենց խղճի առջև պատասխանատվություն կրող քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ` որոնք երկրի հասարակական կյանքի ակտիվացման խնդրում լուրջ ներդրում են ունեցել:

Այսօր երկրում տիրող իրավիճակը` սոցիալ-տնտեսական, հասարակա-քաղաքական, բարոյահոգեբանական խնդրում, համակարգային վերափոխման կարիք ունի: Յուրաքանչյուր ողջախոհ և երկրի ապագայով մտահոգ մարդ, ձգտում է իր ավանդը բերել այս վիճակի բարելավմանը…

Այսօր ներկայիս վարչակարգը վախենում է միայն քաղաքացիական կուռ պայքարից, որքան էլ, որ ապաշնորհ են, այնուամենայնիվ, գիտակցում են, որ Հայաստանի իշխանությունը դե յուրե պատկանում է Ժողովրդին և միայն քաղաքացիների ամուր կամքի, սեփական քվեի ու դրան տեր լինելու դեպքում, վերջինս փաստացի այլևս անելիք չի ունենալու: Վարչակարգը կարող է պայմանավորվել որոշ կուսակցությունների, թաղային հեղինակությունների հետ, սակայն ժողովրդի հետ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼՈՒ պատրաստակամություն չունի, կապ պարզապես ի վիճակի չէ:

Մեր ժողովուրդը ոչ հիասթափված է և ոչ էլ անտարբեր: Պարզապես ողջ ընթացքում ստացած հարվածները նրան սովորեցրել են, որ միասին գործելու դեպքում կարող է անել ԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ, ինչը շատերը անհնարին կհամարեն: Իրական փոփոխության հնարավորությունը ակնհայտ կլինի, այն դեպքում, երբ բոլորս մեկ ուժ ու մեկ Օրենք դարձած կպայքարենք:

Պետք է համախմբվել, միավորվել և պայքարել, որպեսզի 2013թ. փետրվարի նախագահական ընտրությունները անցնեն ժողովրդավարության մթնոլորտում, եթե ոչ, ապա միասին հրապարակում կորոշենք, թե ինչպես կհասնենք դրան»:

 

Տեսանյութեր

Լրահոս