Հեռացումի խոսքեր

Այսօր տեղի է ունենալու ՀՀՇ համագումարը: Սպասվում է, որ համագումարի ընթացքում ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կհստակեցնի նախագահական ընտրություններում իր մասնակցության հարցը. նա կամ կհայտարարի, որ առաջադրում է իր թեկնածությունը, կամ կհայտարարի, որ չի մասնակցում նախագահական ընտրություններին:

Գուցե որպես բացառիկ հռետոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կգտնի նաև միջանկյալ որևէ տարբերակ` ևս մի քանի օրով երկարաձգելու իր որոշման հրապարակումը: Բայց դա կարևոր չէ… Հինգ տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը` վերադառնալով մեծ քաղաքականություն, տասնյակ ելույթներ ունեցավ` մեկը մեկից ավելի հնչեղ, մեկը մյուսից ավելի իմաստուն: Բայց բոլոր այդ ելույթների, տեքստերի հիմքում ընկած էր, այսպես ասած, չարենցյան դոկտրինը, որն այն ժամանակ ընկալվում էր ոչ միայն ու ոչ այնքան՝ որպես քաղաքական ուղերձ, որքան՝ որպես աշխարհայացք, որպես կենսափիլիսոփայություն:

Լևոն Տեր-Պետրոսյանի տեքստերի մեջ դրված էր «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» թեզը` դրանից բխող բոլոր քաղաքական դրսևորումներով, որոնք այդպես էլ առաջին նախագահը կյանքի չկոչեց: Ոչ այնքան ուղղակի, որքան անուղղակի` քաղաքական իմաստով: Թե ինչ կհայտարարի այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրությունների առնչությամբ, արդեն երկրորդական է:

Ավելի կարևոր է այն, որ ինչ որոշում էլ Լևոն Տեր-Պետրոսյանը կայացնի` նա այլևս չի կարողանալու հավատարիմ մնալ իր` չարենցյան փիլիսոփայությանը, քանի որ անցած հինգ տարիներին անդառնալիորեն շեղվել է դրա հիմքում դրված արժեքներից ու գաղափարներից: Ու եթե 2008-2013 թվականների հասարակական-քաղաքական շրջափուլը փորձենք ամփոփել նույն` չարենցյան մտածողությամբ, ապա ստիպված ենք արձանագրել. անկախ նրանից՝ ինչ կասի կամ չի ասի այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը, հասարակությունը, թեկուզ լռելյայն, նրան մի ուղերձ ու խնդրանք ունի` «Հեռանալիս չանիծես»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս