«Ես ԲՀԿ-ին իշխանություն եմ համարում». Արամ Սարգսյան (տեսանյութ)
«Հանրապետություն» կուսակցության համագումարին հրավիրված են բոլոր այն քաղաքական ուժերը, ում հետ, կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով, իրենք ունեն թե՛ մարդկային, թե՛ քաղաքական նորմալ հարաբերություններ: Այս մասին «Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Վերջինս նշեց, որ հրավիրվել են ՀԱԿ-ին մաս կազմող գրեթե բոլոր կուսակցությունները, բացառությամբ՝ ՀՀՇ-ի: «Լուսաբացից՝ քննարկվող հարցը նա է, թե հրավիրե՞լ ենք ՀՀՇ-ին, թե՞ ոչ: Իրենք էլ մեզ իրենց համագումարին չեն հրավիրել: ՀՀՇ-ին չհրավիրելը նպատակահարմար ենք համարել. ո՛չ մեզ ենք անհարմար դրության մեջ դրել, ո՛չ իրենց, ոչ էլ դա ինչ-որ բան է նշանակում»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելով, որ հրավիրվել են Արարատ Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը:
«Ես ինձ վատ չեմ զգում նրանից, որ ՀՀՇ-ին իր համագումարին մեզ չի հրավիրել: Նույնիսկ ավելին՝ ճի’շտ են արել: Եթե համագումար ես անում, պետք է իրավիճակի գնահատականներ տաս, որոշակի քննադատություններ հնչեցնես, և ճիշտ չէ հրավիրել այն մարդկանց, ում քննադատելու ես»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ հակառակ դեպքում պետք է ամբիոն տրամադրես պատասխանի համար:
Ինչ վերաբեում է ԲՀԿ-ին, Սարգսյանը ընդգծեց, որ «Բարգավաճը» նույնպես հրավիրված չէ, որովհետև իրենք ընդհանրապես իշխանական թևի կուսակցություններին չեն հրավիրել: «Ես ԲՀԿ-ին իշխանություն եմ համարում»,- նշեց նա:
Հարցին, թե արդյոք համագումարից հետո քաղաքական նոր համագործակցություններ կլինե՞ն, թե՞ ոչ, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Քաղաքական պրոցեսները դինամիկ գործընթացներ են և «Հանրապետություն» կուսակցությունը չի ստեղծվել մեկ օրվա համար: Այս կուսակցությունը շատ երկար-երկար կյանք է ունենալու և բազմաթիվ համագործակցություններ է ունենալու: Բայց այս անգամ մենք հետևություն ենք անելու ու համագործակցելու ենք այն ուժերի հետ, ում հետ ունենք գաղափարական ընդհանրություն»:
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ նախագահական ընտրություններում որպես թեկնածու մասնակցելու մասին հայտարարությանը, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Շատ հարգանքով եմ վերաբերում յուրաքանչյուր նախագահ ընտրվելու տարիքը լրացած անհատի առաջադրմանը: Նա եղել է ՀՀ վարչապետ, պատահական մարդ չէ, քաղաքական կուսակցություն ունի և որևէ աննոմալ բան չեմ տեսնում»:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում