Իշխանությունների հանցավոր բնույթը հնարավորություն չի տալիս մասնակցելու ընտրություններին (տեսանյութ)
Ընտրություններին, որոնց 1 մլն 700.000 մարդ է մասնակցում, անիմաստ է անվանել ընտրությունների երկիր: Այս մասին այսօր «Հանրապետություն» կուսակցության համագումարից հետո լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչո՞վ եք պայմանավորում կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի չառաջադրվելը, ասաց Սմբատ Այվազյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե ընտրություններին չմասնակցելը չի՞ նպաստում իշխանության վերարտադրմանը, Սմբատ Այվազյանը պատասխանեց. «Իշխանությունների հանցավոր բնույթը հնարավորություն չի տալիս մասնակցելու: Չէ՞ որ ընդդիմության կամ էլ ժողովրդի խնդիրը չէ, որ այդ անարդարությունների ձեռքը գնան բռնեն: Ընտրական պրոցեսը ընդդիմությունը միմիայն պետք է օգտագործի իշխանության համար»:
Ի պատասխան հարցին, թե օրեր առաջ Ձեր կողմից արված հայտարարության մեջ հնչեցրած միավորման կոչերն ո՞ւմ էին ուղված, Ս. Այվազյանը նշեց, որ որևէ կոնկրետ քաղաքական ուժի այդ հայտարարությամբ չի դիմել: «Հայաստանի նվիրյալ զավակներին էր ուղված, որևէ ուժի ես չեմ դիմել»,- նշեց նա՝ հավելով, որ իրեն դաշնակից է համարում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մտածում են երկրի, իրենց ընտանիքի զավակների մասին:
168.am-ի դիտարկմանը, թե միավորման կոչեր եք անում, բայց չեք նշում դրա մեխանիզմները, Սմբատ Այվազյանը պատասխանեց. «Միգուցե մոտ ապագայում առիթ լինի, դրա մասին խոսենք»:
Ինչ վերաբերում է փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում իր հնարավոր մասնակցությանը, ապա Սմբատ Այվազյանն ընդգծեց, որ եթե մասնակցի ընտրական պրոցեսին, մասնակցելու է՝ օգտագործելու համար ընտրական այս ժամանակաշրջանը: Չընտրությունների երկրում մտածել, որ ընտրություններն ինչ-որ բան կփոխեն՝ անիմաստ է»: