ՀԱԿ-ի ցեմենտող ուժը Լևոն Տեր-Պետրոսյանն է. Արման Մելիքյան

«Այս քաղաքական ուժերից և ոչ մեկը այսօր խաղի կանոններ չի կարող առաջադրել: Այս տեսանկյունից իշխանական խաղի կանոններով առաջնորդվելը միանշանակ պարտություն է: Ինչպես պարոն Ծառուկյանը չէր կարող պարտվել, նույն սկզբունքով էլ Տեր-Պետրոսյանը  չպետք է պարտվի, իսկ ստեղծված իրավիճակում նրա առաջադրումն անխուսափելիորեն պարտություն է նշանակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Նրա կարծիքով, վաղը կայանալիք ՀՀՇ համագումարի ժամանակ միակ ինտրիգը կլինի հենց Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը: Նրա խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ շահագրգռված են նրա համախոհները, մասնավորապես՝ ՀՀՇ-ն, քանի որ այդ գործիչների մեծ մասի քաղաքական կյանքի տևողությունը կախված է Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվությունից:

Արման Մելիքյանը համոզված է, որ ՀԱԿ-ից ցանկացած այլ թեկնածու չի կարող ունենալ առաջնորդի հաջողությունը: Նրանք բոլորն էլ, ըստ Արման Մելիքյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ստվերում են հաստատվել և նրա շնորհիվ են քաղաքական գործունեությունը պահպանում:

«ՀԱԿ-ի ցեմենտող ուժը, առանցքը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Չի լինի այդ անձը, նրանք միմյանց չեն սատարի, չեն պաշտպանի և, ըստ էության, ՀԱԿ-ը պարզապես կփլվի»,- նշեց բանախոսը՝ ավելացնելով, որ ՀԱԿ-ը սերնդափոխության կարիք ունի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս