Բագրատյանը փրկվեց ՀԱԿ-ից

Այսօր ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ հնարավոր է` առաջադրի իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Սա կարելի էր համարել ՀԱԿ-ում վերջին շրջանում տեղի ունեցած ամենաառողջ ու քաղաքական քայլը, այն առումով, որ մինչև ՀԱԿ-ն օր օրի կազմաքանդվում է ներքին խարդավանքների, ինտրիգների պատճառով, Հրանտ Բագրատյանը հրապարակայնացրել է իր քայլը: Բայց դա այդպես չէ, որովհետև Հրանտ Բագրատյանն իր հայտարարության մեջ հատուկ ընդգծել է, որ եթե առաջադրվի՝ ինքը չի առաջադրվելու ՀԱԿ-ի կողմից: Ավելին` նա նշել է, որ առժամանակ դադարեցնում է ակտիվ համագործակցությունը ՀԱԿ քաղխորհրդի հետ՝ դրա անդամներին չկաշկանդելու համար:

Հրանտ Բագրատյանի քայլը միանգամայն արդարացված է, թեև կարելի է կանխատեսել, թե այն ինչ գնահատականների է արժանանալու ՀԱԿ անձնապաշտական թևի ներկայացուցիչների կողմից` ՀԱԿ-ը պառակտելու փորձ, ռեժիմին ծախվելու դրսևորում, և այլն, և այդպես շարունակ:

ՀԱԿ-ի Լևոն Տեր-Պետրոսյանին  սպասարկող ներկայացուցիչների ռեպերտուարն այդ առումով նույնն է, և որևէ նորություն չպետք է սպասել:

Հ. Բագրատյանը քաղաքական գործիչ է, զբաղվում է ակտիվ խորհրդարանական և ոչ միայն խորհրդարանական գործունեությամբ, տևական ժամանակ առաջ կիսահրապարակային կերպով հայտարարել է առաջադրվելու իր մտադրության մասին, և որևէ առողջ ու բանական արձագանք չստանալով իր քաղաքական թիմի կողմից՝ որոշել է առաջադրվել՝ որպես անհատ, ավելի ճիշտ՝ իր ղեկավարած «Ազատություն» կուսակցության կողմից: Հրանտ Բագրատյանն այսօր էլ նշել է, որ, եթե իր առաջադրումից հետո պարզվի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս առաջադրվելու է, ինքը կհանի իր թեկնածությունը՝ հօգուտ ՀԱԿ առաջնորդի:

Հրանտ Բագրատյանին այս քայլին դրդել է Լևոն Տեր-Պետրոսյանը` իր անորոշությամբ, լռությամբ, սպասողականությամբ: Առաջադրումներին շատ քիչ ժամանակ է մնացել, մինչդեռ նա որևէ կերպ չի որոշակիացնում իր դիրքորոշումը, ավելին` երեկվանից ՀԱԿ-ականները սկսել են չբացառել ընտրությունները բոյկոտելու հնարավորությունը:

Հրանտ Բագրատյանը ճիշտ է վարվել առաջին հերթին՝ մարտավարական տեսանկյունից, որովհետև կարող էր ևս մեկ շաբաթ կամ տասը օր հետո Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարել, որ չի առաջադրվելու, ինչը կնշանակեր, որ Բագրատյանն էլ ավելի քիչ ժամանակ է ունենալու նախագահական քարոզարշավին պատրաստվելու համար:

Լա՞վ թեկնածու կլինի Հրանտ Բագրատյանը, թե՞ ոչ, մե՞ծ են նրա շանսերը, թե՞ աննշան, տվյալ դեպքում երկրորդական է: Նա քաղաքական քայլ է կատարել, և բոլորը, այդ թվում ու առաջին հերթին՝ ՀԱԿ նրա գործընկերները պարտավոր են հարգել նրա այդ որոշումը:

Սա նշում ենք, քանի որ շատ մեծ է հավանականությունը, որ արդեն առաջիկա ժամերին կամ օրերին ՀԱԿ գրասենյակը հրապարակավ կամ «այլընտրանքային» ուղիներով կսկսի Բագրատյանին «դավաճանների շարքը» դասելու կեղտոտ գործընթացը:

Ի դեպ, եթե Լ. Տեր-Պետրոսյանն, ի վերջո, չի առաջադրվելու, Բագրատյանի առաջադրումը կարող էր ստեղծված իրավիճակում ՀԱԿ-ի համար եթե ոչ՝ հաղթելու, ապա գոնե՝ ռեաբիլիտացվելու,  հեղինակազրկումը կանխելու հնարավորություն լինել: Բայց այն, որ Բագրատյանն ի սկզբանե հայտարարել է, որ առաջադրվում է ոչ ՀԱԿ-ի կողմից, վկայում է, որ ՀԱԿ-ում հրաժարվել են անգամ քննարկել նրան սատարելու հնարավորությունը:

Տեսանյութեր

Լրահոս