ՀՀԿ-ն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի

Հանրապետական կուսակցության` հոդաբաշխ արտահայտվել կարողացող խոսնակներին ու պատգամավորներին թվում է, թե իրենց հակառակորդներն ու թշնամիներն ընդդիմության մեջ են` ՀԱԿ-ում, «Ժառանգությունում», ՀՅԴ-ում կամ այլընտրանքային «Բարգավաճ Հայաստանում» (ԲՀԿ): Նրանք այդպես են մտածում և այդպես մտածելով՝ պաշտպանում են իրենց կուսակցությանն ու առաջնորդին` ջանք ու եռանդ չխնայելով:

Մինչդեռ թշնամիներն ու հակառակորդներն անպատկերացնելիորեն մոտ են ու հարազատ: Ու երևի հարազատությունից ելնելով՝ հետևողականորեն աշխատում են Սերժ Սարգսյանի դեմ` ամենօրյա գործողություններով հերքելով, բացառելով, սխալ հանելով իրենց առաջնորդին:

Շաբաթ օրը ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանն իր «նպատակադրումային» ելույթում խոսում էր քաղաքացու հետ «Դուք»-ով խոսելու և քաղաքացուն ծառայելու մասին, մինչդեռ երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հենց ԱԺ նիստում «Դու»-ով դիմելով՝ «մուննաթ» էր գալիս քաղաքացուն ծառայություն մատուցող ՀՀ Ֆինանսների փոխնախարարի վրա: Երկու օր առաջ նա նույնկերպ «հանգստանալու էր» հրավիրում դաշնակցական պատգամավորներին: «Մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան…»,- շաբաթ օրը հայտարարում էր Սերժ Սարգսյանը: Երեկ նրա կուսակից պատգամավոր Մհեր Սեդրակյանն ԱԺ-ում իրեն հարց ուղղող լրագրողին սպառնում էր՝ «ծնոտը պոկել»:

«Մեր բոլոր քայլերն ուղղված են դեպի մարդը: Դեպի հայաստանցին: Մեր բոլոր ջանքերը մարդու համար են: Մեր հայրենակիցների, նրանց բարօրության համար»,- հայտարարում էր Սերժ Սարգսյանը` երևի չիմանալով, որ իր ելույթի հաջորդ օրը երևանցիները սառցակալած փողոցներից հազիվ են ճողոպրելու` տուն հասնելու դեպքում՝ լսելու «ապահով երկրի մասին» հեռուստառեպորտաժները:

Օրինակների շարքը կարելի է շարունակել: Բայց դրանից ընդամենն ավելի է ամրապնդվելու այն իրողությունը, որ Սերժ Սարգսյանի թիմն ուղղակիորեն աշխատում է նրա դեմ: Ողջ խնդիրն այն է, որ Ս. Սարգսյանի դեմ աշխատելով՝  նրա կուսակիցներն աշխատում են թե ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, թե հասարակության ու պետության դեմ:

Ս. Սարգսյանն իր ելույթների ու իրականության միջև համապատասխանություն մտցնելու ընդամենը մի ճանապարհ ունի` ազատվել բոլոր նրանցից, ովքեր տեղ չունեն «իր երազած Նոր Հայաստանում», քանի որ իր խոստացած «ապահով Հայաստանը» հնարավոր է կառուցել միայն այն դեպքում, երբ ՀՀԿ-ականների ճնշող մեծամասնությունը գոնե «Հայրենակիցներ» ծրագրով կհեռանա Հայաստանից` հայրենիքի նկատմամբ անհագուրդ սերն արտահայտելով սիրելի ռուսական եզերքներից: Բայց դա կնշանակի, որ նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանը պետք է գնա մենակ` առանց շտաբի պետի, քաղաքապետի, թաղային հեղինակությունների ու մնացած «ախպերության»:

Բայց դա, իհարկե, տեղի չի ունենա, քանի որ Ս. Սարգսյանը շատ հանդուրժող, ներողամիտ ու բարի նախագահ է (ՀՀԿ նախագահ): Օրինակ, ընդամենը մի քանի ամիս պահանջվեց, որպեսզի «Դոմինգոյի  ապտակի» հեղինակ Գագիկ Բեգլարյանը նոր ինդուլգենցիա և համապատասխան պաշտոն ստանա կուսակցապետից: Սա նո՛ր Հայաստան է, և վերջ:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս