Բաժիններ՝

«Նրանց հիմնական նպատակը սադրանքներ հրահրելն էր»․ Ինչո՞ւ էին ՀՀ տարբեր մարզերից քաղաքացիներ գնացել Ազատան և պահանջել համայնքապետի հրաժարականը

Հունիսի 28-ին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից մի խումբ քաղաքացիներ գնացել էին Շիրակի մարզի Ազատան համայնք՝ պահանջելու համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանի հրաժարականը։

Համայնքի ղեկավարը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բացի այլ մարզերից եկած քաղաքացիներից՝ 6-7 հոգի իրենց մարզից էին եկել, չհաշված անչափահասները, որոնց բերել էին։

Հրաժարականի պահանջը կարծես ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ էր առաջացել, երբ համայնքապետը Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ Ազատանում չէր եղել։ Համենայն դեպս՝ հունիսի 28-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ հնչող հայտարարությունից այդ տպավորությունն էր ստեղծվել։

«Քո ժողովուրդը՝ 500-600 հոգի, եկավ, կանգնեց վարչապետի կողքը, իսկ դու ինչո՞ւ համար չեկար կանգնար քո ժողովրդի կողքը»,- համայնքապետին 2 օր առաջ հարց էր ուղղել Ազատանի բնակիչը։

Վարդան Իկիլիկյանն էլ պատասխանել էր, թե Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով չի եկել Ազատան համայնք․

«Ինձ տեղյակ չեն պահել, ըստ գործող օրենքի՝ բոլոր քաղաքական ուժերը համայնքի ղեկավարից և գործող իշխանությունից հավասարապես տարածք և ժամանակ են խնդրում, որպեսզի գան քարոզարշավի…»։

Այս զրույցի ընթացքում Ազատանի համյանքապետին հարցեր էին ուղղում նաև այլ քաղաքացիներ, որոնք Ազատանից չէին, և Վարդան Իկիլիկյանը պարբերաբար ստիպված էր լինում հարցնել, թե նրանք ո՞ր համայնքից են։

Վարդան Իկիլիկյանն ասաց, որ այդ կազմակերպված «ակցիային» մասնակցել էր մոտ 25-30 հոգի։

«Մի մասն Արտաշատից էր, մի մասը՝ Արմավիրից, Թալինից, Արարատից, Գյումրիից, թե որտեղի՞ց էին գտել, բերել այդ կանանց, ես չգիտեմ։ Չնայած մեկը խոսեց, մյուսները բան էլ չասեցին, մարդիկ երևի փոշմանեցին իրենց գալու համար… Եթե ինչ-որ մեկը գյուղից է կազմակերպում՝ հասկացանք, իսկ դրսից եկողները, որ թարսուշիտակ հարցեր էին տալիս, պրովոկացիաներ էին անում և այլն, ես չգիտեմ, թե այդ մարդկանց իրավունքն ինչո՞ւմ է կայանում, որ եկել և Ազատանի համայնքապետին ուզում են պաշտոնանկ անեն, ըստ իրենց։ Ես չհասկացա, դա ակցիա՞ էր, դրա անունն ի՞նչ էր…»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունների կողմից ուղղորդված լիներ, արդյո՞ք նման տպավորություն կամ ազդակներ կային, հատկապես հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դրանից մի քանի օր առաջ մի «խմբակ» Ազատանի և հարակից համայնքների գյուղապետերին 72 ժամ էր տվել, որպեսզի հրաժարական տան, Վարդան Իկիլիկյանը պատասխանեց․

«Իշխանություններին տեղյակ ենք պահել, եթե նորից շարունակություն եղավ, ու իշխանությունները չարձագանքեցին, ուրեմն՝ իհարկե իշխանությունն է կազմակերպել։ Ես մարզպետին եմ տեղեկացրել, չնայած իմ զանգելուց ընդամենը 1 ժամ հետո մարզպետը հարցազրույց է տվել, ասել է, որ մենք տեղյակ չենք նման բանից, մենք նման բան չենք անում… Եթե նման բան չեն անում, ուրեմն պետք է դեմն առնեն, որովհետև իրենց համայնքներում է տեղի ունենում։ Քանի որ այդ մարդիկ առաջին անգամ են եկել, չեմ ուզեցել կոշտ մեթոդների դիմել, փորձել եմ զսպել ժողովրդիս, որովհետև դա կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ։ Իրենց գալու հիմնական նպատակը սադրանքներ հրահրելն էր, հավանաբար ուզում են որևէ մեկին գցել ոստիկանություն, որպեսզի պայման դնեն դեմս, ասեն՝ եթե դուրս չեկար, կդատենք»։

Վարդան Իկիլիկյանի խոսքով՝ նման խմբակների կողմից հրահրումները կարող են բախումների պատճառ դառնալ, քանի որ գյուղացիներից շատերը տեղյակ չեն եղել, որ այլ մարզերից մարդիկ են եկել իրենց համայնք և պահանջել են իրենց համայնքի ղեկավարի հրաժարականը, իսկ տեսանյութերը տարածվելուց հետո կապ են հաստատել հենց համայնքապետի հետ․

«Միայն գյուղում չէ, երեկ դրսի մեր ժողովուրդն էլ զանգել, ջղայնացել էին, ասում էին՝ մենք համայնքում չենք, ուրեմն մեռա՞ծ են մեր համայնքի ժողովուրդը, որ դրսից պետք է գան մեր համայնքում հարց որոշեն, առավելևս այն մարդու նկատմամբ, ում մեր ժողովուրդը վստահության քվե է տվել… Ասացի՝ ոչինչ, հանգստացեք, կանցնի այս ամենը։ Ես չեմ ուզում հրահրեմ»։

Ազատան համայնքի բնակիչները երեկ էլ ոռոգման ջրի խնդրով էին բողոքի ակցիա կազմակերպել, և 168.am-ը տեսախցիկից դուրս բնակիչների հետ զրուցել է նաև այս խնդրի շուրջ։ Ազատանցիները տեղեկացրին, որ Նելսոն անունով իրենց գյուղացիներից է կազմակերպել այդ ակցիան, և խոսակցություններ կան, որ իշխանությունները նրան են խոստացել գյուղապետի պաշտոնը։ Վարդան Իկիլիկյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ինքը լսել է նման տեղեկություն կամ տեսել է տարածված տեսանյութը.

«Համացանցում տարածված տեսանյութի կարմիր շորերով տղան Նելսոնն է, որն ընդամենը 2 տարի առաջ է հաշվառվել Ազատան համայնքում, ինքն է ուզում։ Ուզում է՝ թող դառնա, թող փորձի։ Ես, երբ 3 անգամ ընտրվել եմ, ոչ մի անգամ ինձ թույլ չեմ տվել ասել՝ պետք է դառնամ, որ ժողովուրդը չընտրի՝ ո՞նց կդառնամ։ Մեծամտություն և մեծախոսություն է, որ ասում են՝ պետք է դառնամ, պետք է դառնալով չէ, դա ժողովրդի որոշելունն է»։

Վարդան Իկիլիկյանը Ազատանի համայնքապետի պաշտոնում ընտրվել է 2009 թվականին, վերջին անգամ վերընտրվել է 2016-ին․

«2016 թվականի ընտրություններին մասնակցել է մոտ 2200 մարդ, 1850 ձայն ես եմ ստացել, 300 ձայն՝ մյուս թեկնածուն… Դա էական չէ, ես նորից եմ ասում, այնպես չէ, որ փաթաթվել ենք ժողովրդի վզին… Եթե այսօր խոսում ենք ժողովրդավարական երկիր կառուցելու մասին, ապա այս պարագայում ժողովրդավարությունից հազարավոր կիլոմետրեր հեռու ենք մնում, ի՞նչ է նշանակում՝ բռնանալ մի ժողովրդի կամքի վրա, որն ընտրելու իրավունք ունի, ինքն իր համար համայնքապետ է ընտրել… Եթե այնպես լինի, որ ժողովուրդն ինձ չընտրի, ես բացարձակապես մեղքը ժողովրդի վրա չեմ դնելու, ուրեմն ես մի բան այնպես չեմ արել, որ չեմ ընտրվել։ Ժողովուրդն ինձ կընտրի՝ կաշխատեմ, չի ընտրի՝ չեմ նեղանալու…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս