Բաժիններ՝

Արմեն Չարչյանի դեմ քրեական գործը հարուցվել է անոնիմ, հետևաբար ոչ օրինական հաղորդման հիման վրա. փաստաբան

«Դատարանը որոշում կայացրեց 1 ամիս ժամկետով պարոն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ: Դատարանը արձանագրել է ինչպես կալանավորման պայման՝ հիմնավոր կասկածի առկայությունը, այնպես էլ կալանավորման հիմքերի: Մասնավորապես քննությանը խոչընդոտելու հիմքի համատեքստում գտել է, որ ռիսկը բարձր է»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի փաստաբաններից Էրիկ Ալեքսանյանը:

Ալեքսանյանը նշեց, թե ծանոթացել են դատարանի որոշմանը, կարծում են, որ այն ոչ իրավաչափ է, անհիմն, և պատրաստվում են այն բողոքարկել:

«Փաստացի ևս մեկ անգամ ընդգծվեց այն հանգամանքը, որ պարոն Չարչյանի նկատմամբ իրականացվում է բացառապես քաղաքական հետապնդում: Մենք դա պնդել ենք բազմիցս, դատական նիստի ժամանակ նույնպես: Ներկայացրել ենք բազմաթիվ փաստարկներ այն մասին, որ այստեղ առհասարակ օրինական մեղադրանքի մասին չենք կարող խոսել, քանի որ ի սկզբանե քրեական վարույթը անգամ հարուցվել է ոչ իրավաչափ հիմունքների հիման վրա:

Ի սկզբանե քրեական գործ հարուցելու այսպես ասած «օրինական առիթ» է հանդիսացել Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքով հրապարակված տեսաձայնագրությունը: Մենք բազմիցս նշել ենք, որ քրեական գործ հարուցելու օրինական առիթ կարող է հանդիսանալ բացահայտված աղբյուրից ձեռք բերված տեղեկատվությունը: Տվյալ դեպքում անգամ ձերբակալության իրավաչափության հարցի քննարկման շրջանակներում դատարանը արձանագրեց, որ առկա չէ հիմնավոր կասկածը, շեշտը հենց դրել է նրա վրա, որ ներկայացված Բաղրամյան 26 ալիքի կողմից ձայնագրությունը անհայտ աղբյուրի կողմից տրամադրված ձայնագրություն է, ինչը հավասարազոր է անոնիմ հաղորդմանը: Իսկ քրեական դատավարության տեսությունից բոլորս գիտենք, որ անոնիմ հաղորդումը երբեք որպես քրեական գործ հարուցելու օրինական առիթ չի կարող հանդիսանալ:

Հետևաբար, եթե մենք այստեղ գործ ունենք արդեն իսկ ոչ իրավաչափ վարույթի հետ, ուստի այդ վարույթի շրջանակներում ձեռք բերված յուրաքանչյուր փաստական տվյալ, կլինի դա ցուցմունք, կլինի դա զննության արձանագրություն, յուրաքանչյուր դատավարական փաստաթուղթ, ինքն արդեն իսկ անթույլատրելի է: Հետևաբար այն փաստական տվյալները, որը դատարանը գնահատել է և դրանով իսկ հաստատել է հիմնավոր կասկածի առկայությունը, արդեն իսկ ուղղակի իրավաբանությունից դուրս դատողություններ են»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին մեղադրանք էր առաջադրվել հունիսի 21-ին՝ այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն բավարարել էր դատախազության ներկայացրած միջնորդությունները՝ Չարչյանին մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

«Իզմիրլյան» ԲԿ ղեկավարին մեղադրանք առաջադրելու հիմքում ձայնագրությունն էր, որով վերջինս աշխատակիցներին «խնդրել, հորդորել, պահանջել» էր մասնակցել հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հակառակ դեպքում խոստանալով կոշտ վերաբերմունք ցուցաբերել ընտրությանը չմասնակցած աշխատակիցների հանդեպ: Մեղադրանքում նշված է, թե Չարչյանը պարտադրել ու հարկադրել է աշխատակիցներին:

Չարչյանն էլ երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, թե իր գործողություններում որևէ պարտադրանք կամ հարկադարանք չկա, ու ինքն արտահայտել է այդ կերպ իր քաղաքացիական դիրքորոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս