Բաժիններ՝

Լարված իրավիճակ Աջափնյակում․ քաղաքապետարանն ապամոնտաժում է ապօրինի շինությունները․ տարածքում են կարմիրբերետավորներն ու «հեղափոխության պահապանները»

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանը ժամը 18։30-ի սահմանում ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ գտնվում է Երևանի Աջափնյակ համայնքում՝ Ֆուչիկ-Մարգարյան խաչմերուկում, որտեղ քաղաքապետարանն ապամոնտաժում է ապօրինի շինությունները:

«Ուզում եմ տեղեկացնել, որ Մարգարյան 18 հասցեում 1 ապօրինի շինություն քանդվել է, և հիմա գտնվում ենք Ֆուչիկ և Մարգարյան խաչմերուկում, և այս տարածքում գտնվող բոլոր շինությունները  հերթականությամբ, ինչպես տեսնում եք, քանդվում են»,- ուղիղ եթերում ասաց ավագանու իմքայլական անդամը։

Նշենք, որ քանդման աշխատանքներն իրականացվում էին մի քանի տրակտորով, տարածքում ներկա էին ոստիկանության կարմիրբերետավորները, ինչպես նաև «Հեղափոխության պահապաններ» անունով խմբակի ներկայացուցիչները։ Ավագանու անդամի ուղիղ եթերի ընթացքում միջադեպ գրանցվեց տարածքի սեփականատերերի և կարմիրբերետավորների միջև, ըստ էության, քաղաքացուն բերման ենթարկեցին։

«Իհարկե, բողոքում են տերերը։ Այո, բոլոր վարչական շրջաններում հերթականությամբ սկսվելու է․․․»,- ասաց Լիլիթ Կիրակոսյանը։

Ուշագրավ է, որ այս ուղիղ եթերի տակ մեկնաբանություն էր թողել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ «Մարկոսի տարածքն է?», նկատի ունենալով Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանին, որը որպես պատգամավորի թեկնածու՝ ներառված էր  հունիսի 20-ի ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ԲՀԿ-ի ցուցակում։

168.am-ը կապ հաստատեց Մարկոս Հարությունյանի հետ, նա հաստատեց, որ այդ տարածքը ծառայել է՝ որպես նախընտրական շտաբ, իսկ դեպքի մասին րոպեներ առաջ է տեղեկացել։ Հարությունյանն ասաց, որ այդ տարածքը եղել է ինքնակամ կառույց, որն ամիսներ առաջ էր կառուցվել․

«Տարածքի սեփականատերը տարիներ առաջ դիմել է քաղաքապետարան, որ հողը ներկայացնեն աճուրդի, ոչ մի գործողություն չեն արել, իրենք էլ այդ տարածքը սարքել են, սարքելու ընթացքում արձանագրություն են կազմել 400.000 դրամի, դա բողոքարկվել է դատարան, դատարանը չունի վճիռ, թե այդ գումարը արդյոք մուծման ենթակա՞ է, թե՞ ոչ, դատարանը չունի վճիռ՝ դա քանդման ենթակա՞ է, թե՞ ոչ։ Հետագայում, որ ԱԺ-ն արտոնություն սահմանեց ինքնակամ շինությունների մասով ժամկետ տալով, որ հին գների տակ ընկնեն դիմողները, բոլորը դիմեցին, այս տարածքի սեփականատերն էլ բոլորի հետ դիմել է․․․»։

Մարկոս Հարությունյանը օրենքի կոպտագույն խախտում է  համարում առանց քաղաքապետի պատասխանը ստանալու, առանց քանդման որոշման, առանց ծանուցելու՝ մարդու գույքն ապամոնտաժելը․

«Եթե դա քանդման ենթակա էր, ապա մարդն ունենար հնարավորություն՝ ինքն ապամոնտաժեր իր սեփական տարածքը, չտուժեր։ Պատկերացրեք՝ ես այդ տարածքում ունենայի թանկարժեք գույք, թող ինձ ծանուցեին, ես այդ գույքը միջից դուրս հանեի, նոր։ Ենթադրենք՝ հիմա այդ տարածքից բան է կորել, ո՞վ է պատասխան տալու, սա աշխատելու մեթո՞դ է․․․ Ուրիշ բան, որ քաղաքապետարանի աշխատակիցները գալիս են, 5-10 օր առաջ տեսնում են, որ մի խանութ է սարքվում, ուրիշ բան, որ դա կասեցնեն, բայց քանդելու համար ներկա օրենսդրությունը ոչ մի բան չի սահմանում․․․»։

Ավագանու ԲՀԿ-ական անդամը  փոխանցեց նաև, որ վերջին ամիսներին ընտրություններով տարված  իշխանությունները շատ բան չէին նկատում.

«Իրենց շտաբի դիմաց, մեր շտաբի դիմաց, առհասարակ Աջափնյակում 50-60 տեղ մարդիկ խանութներ սարքեցին, ինչո՞ւ հենց առաջին օրն այդ մարդկանց դեմը չառաք, որ թողեցիք ընտրությունն ավարտվեց, նոր եկաք քանդեցիք։ Այսինքն՝ սա կուտ էր ժողովրդին տված, որ իշխանությունը թողում է խանութ սարքեք, որ ձայն տաք, իսկ ձայն ստանալուց հետո, ոտքը պնդացնելուց հետո մարդկանց խանութները քանդի՞․․․»։

168.am-ը խնդրի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Բերման ենթարկված քաղաքացիների մասին փորձեցինք տեղեկություն ստանալ ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն այս կառույցում էլ մեր զանգերին չպատասխանեցին:

Ի դեպ, Երևանի ավագանու իմքայլական անդամ Լիլիթ Կիրակոսյանը, որի ուղիղ եթերից էլ տեղեկացել էինք միջադեպի մասին,  եթերի ավարտից րոպեներ անց հեռացրել էր տեսանյութը  ֆեյսբուքյան իր էջից, բայց համացանցում նշված տեսանյութը պահպանվել ու տարածվել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս