«Ճշտի ասպետները» մամուլի դեմ պատերազմ են սկսել․ hraparak.am

Մամուլի դեմ պայքարի իշխանական անհաջող փորձերին են միացել նաեւ արեւմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ները, որոնք գործող իշխանությունների մեջքին են որոշել կանգնել եւ սահմանափակել նրան ուղղված քննադատությունը։ Մի քանի ամիս առաջ հայալեզու վրացական կայք է ստեղծվել՝ https://factcheck.ge/ անվանումով, որը սկսել է պայքարել հայկական մամուլի դեմ՝ իբրեւ թե կեղծ լուրերի, մանիպուլյացիաների հայտնաբերման համար։ Այս կայքին սնողը, նրա հետ համագործակցողը «Բաց հասարակություններ- Հայաստան» հիմնադրամից ֆինանսավորվող Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն է՝ իր media.am կայքով։

Հիշեցնենք․ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նախկին Ինտերնյուսն է՝ Նունե Սարգսյանի գլխավորությամբ, իսկ media.am կայքի խմբագիրը Գեղամ Վարդանյանն է։ Այս անձինք՝ իրենց աշխատողների հետ միասին, ոչ թե լրատվական աշխատանքով, հանրային իրազեկմամբ կամ քաղաքացիական հասարակության ձեւավորմամբ են զբաղված, այլ մամուլի նկատմամբ դատավորի դեր են ստանձնել, այն էլ՝ անչափ կասկածելի չափանիշներով ու սկզբունքներով։

Ինչ են անում այս գրանտակերները։ Զբաղված են մամուլի որոշ օրգաններում, բնականաբար՝ ոչ բոլորում, իրենց կարծիքով կեղծ լուրեր եւ մանիպուլյատիվ հոդվածներ հայտնաբերելով, ապա դրանց հետ կապված՝ նամակ են գրում Ֆեյսբուքին, որն էլ արգելափակում է կայքերի ֆեյսբուքյան էջերը, դադարեցնում է գովազդը, սահմանափակում հրապարակումների հասանելիությունը Ֆեյսբուքում։ Եվ քանի որ Ֆեյսբուքն այսօր ԶԼՄ-ների աշխատանքային կարեւոր գործիքներից է, սրանով խանգարում են տեղեկատվության փոխանցմանը եւ լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրներին են խփում։

Զավեշտալի է, որ media.am-ի անձնակազմն իրեն դատավորի տեղ է դրել եւ, իր կարծիքով, ստահոդ ու իրականության հետ կապ չունեցող հրապարակումները բացահայտելով՝ «վճիռներ» է կայացնում․ իրենց եզրակացությունների վերեւում՝ վերնագրի տակ, հենց այդպես էլ գրում են՝ «վճիռ»։ Կարծես թե իրենց կարծիքը վերջնական վերդիկտ է եւ քննարկման ենթակա չէ։ Բայց եթե այս եզրակացություններն անաչառ լինեին, խոսքի ազատության կանոններով առաջնորդվեին, հենց դրանք մանիպուլյատիվ չլինեին, գուցե համաձայնեինք, որ սրանով ֆեյքնյուզի դեմ են պայքարում եւ օգտակար գործ են անում։ Իրականում media.am-ի աշխատակիցները ոչ միայն ազնիվ չեն, որովհետեւ մամուլին են վերագրում բաներ, որոնք լրագրողները չեն էլ գրել՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե լրատվամիջոցները սխալ են, այլեւ ուղղակի հակալրագրողական դիրքորոշումով վնասում են խոսքի ազատությանը։

Օրինակ՝ մի հրապարակման մեջ մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը կիսահարբած վիճակում հայտարարություն է արել, media.am-ի աշխատակից Կարինե Ղազարյանը «կիսահարբած» բառը վերագրել է Իլհամ Ալիեւին։ Media.am-ի աշխատակազմն այնքան է տարվել գրաքննությամբ, որ սկսել է գրաքննել անգամ հարցազրույցները։ Ասենք, շվեյցարահայ բարերար, սահմանամերձ գյուղերի համար ահռելի աշխատանք կատարող Թերեզա Մխիթարյանի հարցազրույցում ստանձնելով Ջորջ Սորոսի պաշտպանի առաքելությունը՝ media.am-ի աշխատակից Արշալույս Բաղդասարյանը ֆեյքնյուզ է անվանել Մխիթարյանի հարցազրույցը եւ անդրադառնալով Սորոսի հասցեին նրա արած հայտարարություններին՝ դրանք համարել է դավադրության տեսություններ ու Ֆեյսբուքի միջոցով արգելափակել է «Հրապարակի» ՖԲ էջի հասանելիությունը։

Գրել է, որ Ֆինանսիստ եւ «Ջերմոլիո» բարեգործական ասոցիացիայի նախագահ Թերեզա Մխիթարյանը Hraparak TV-ի հետ զրույցում բացի Սորոսի, հրեաների մասին դավադրության տեսություններ տարածելուց, մանիպուլացնում է արդյունաբերական կանեփի մասին որոշումը։ Ավելին, այն կապում է գաղտնի պլանների հետ։ Ըստ նրա՝ հետհեղափոխական կառավարությունը ղեկավարվում է դրսից, մասնավորապես՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից։ Այս դավադրապաշտական պնդման համար նա չի ներկայացնում որեւէ փաստ, բայց համարում է, որ իր ասածը «փաստ է՝ ոչ թե կարծիք»։ Գրել է Բաղդասարյանը եւ առանց որեւէ փաստի հասել նրան, որ վնասել է մեր գործունեությանը, սահմանափակել անձի՝ արտահայտվելու ազատությունը, ֆինանսական վնասներ պատճառել մեզ։

Այսինքն՝ Սորոսի գրասենյակի մասին այսուհետ կարծիք արտահայտելիս պետք է Սորոսի գրասենյակից գրանտ ստացողներից թույլտվություն ստանանք, հակառակ դեպքում իրենք կարող են Ֆեյսբուքի ղեկավարության հետ համագործակցելով՝ խանգարել մեր գործունեությանը։
Նույն տրամաբանությամբ՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է փաստեր ներկայացնի, երբ, օրինակ, Նիկոլ Փաշինյանին անվանում է «դավաճան» կամ երբ ասում է, որ նա «քանդել է երկիրը»։ Ինչո՞ւ ենք Փաշինյանի վրա բերում օրինակը, որովհետեւ media.am-ն ամենից շատ պաշտպանում է Փաշինյանի եւ նրա ընտանիքի շահերը․ ֆեյք-նյուզ ճանաչված հրապարակումների մեծ մասը վերաբերում է նրանց։ Օրինակ, նրանք խիստ վրդովվել են ֆոտոշոփ արված լուսանկարից, որտեղ Ալիեւը Փաշինյանի նկարով վերնաշապիկ է հագել։ Այս կայքի ու գրաքննիչների համար ո՛չ «սարկազմ», ո՛չ «պամֆլետ», ո՛չ «ծաղրանկար» հասկացությունները գոյություն չունեն։ Մենք ճշտեցինք, որ հայկական լրատվադաշտի մոտ 10 կայք նման խնդիրներ ունի․ նրանց էջերը Գեղամ Վարդանյանի ու Նունե Սարգսյանի «թեթեւ ձեռքով» Ֆեյսբուքում կա՛մ արգելափակվել են, կա՛մ հասանելիությունը կորցրել։

Որպեսզի պատկերացնեք զավեշտը՝ որոշ կայքեր պատժվել են մամուլի տեսություն անելու, այսինքն՝ այլ լրատվամիջոցի նյութը վերահրապարակելու համար։ «Պատժվել» են նաեւ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր, բոլորը՝ ընդդիմադիր, օրինակ՝ հայտնի փաստաբան Միհրան Պողոսյանը, ընդդիմադիր հայացքներ ունեցող Իրինա Դանիելյանը։ Կեղծ լուրերից մեկը, օրինակ, վերաբերում է Շիրինյան-Բաբաջանյան դաշինքին՝ Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակելուն, որի մասին գրվեց, որ իր դաշինքի ներկայացուցչի կողմից է արվել։ Թե ինչու են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրաքննիչներն Արման Բաբաջանյանի փոխարեն հուզվել, անհասկանալի է․ եթե զրպարտություն է, մարդը կհերքի կամ կդիմի դատարան՝ օրենքով նախատեսված կարգով, նման միջամտության իմաստը ո՞րն է։

Մենք կապվեցինք Media.am կայքի խմբագիրներից Գեղամ Վարդանյանի հետ՝ նրան հարցրինք, թե ինչու են մամուլի հրապարակումները գրաքննում եւ որ իրավունքով են մամուլի հրապարակումներն արգելափակում Ֆեյսբուքում։ Սակայն Գեղամ Վարդանյանը մեր հարցին չպատասխանեց՝ ասելով, որ իր պատասխանը հետեւյալն է․ «Ես Ձեզ առաջարկում եմ կարդալ այն, ինչ մենք գրել ենք այդ ծրագրի հետ կապված, եւ այնտեղ ամեն ինչ նկարագրված է»։ Նշենք, որ այս «ճշտի ասպետները», բացի «Հրապարակից», այլ լրատվամիջոցների հրապարակումներ էլ են արգելափակել։ Օրինակ, «Armday» լրատվականի խմբագիր Տաթեւ Այվազյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց նյութերի ցանկը, որոնք արգելափակվել են «հայ-վրացական համագործակցության» արդյունքում։ ««Ընտրատեղամասերում հայտնվել են ներքեւի հատվածում անցքերով քվեատուփեր»․ այս տեղեկությունը ստուգել են եւ պարզել, որ «կեղծ է», քանի որ տարիներ շարունակ ընտրությունների քվեատուփերը եղել են ներքեւի հատվածում անցքերով։ Հաջորդը ֆեյսբուքյան մի օգտատիրոջ գրառում էր, որը տեղադրել ենք մեր կայքում այս վերնագրով՝ «Երեւանի կենտրոնում թուրքի արտաքինով մարդիկ են շրջում»»,- ասաց Այվազյանը։

Նրա խոսքով՝ սրանով փորձում են մամուլին լռեցնել եւ վախի մթնոլորտ ստեղծել․ «Ելնելով այն փաստից, թե ովքեր են ստանձնել փաստերի ստուգման գործառույթը, ունեմ լրջագույն կասկածներ, որ այս ամենն իրականացվում է իշխանության հրահանգով: Թիրախում հայտնվել են բացառապես ընդդիմադիր լրատվամիջոցները: Մեր նախկին գործընկերը, ով հանդիսանում է դեղին մամուլի ամենավառ օրինակ, փորձ է անում ճնշել մամուլին՝ այսկերպ խախտելով մարդկանց սահմանադրական իրավունքը եւ սահմանափակելով տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը: Հարկ եմ համարում նշել, որ բացառապես թիրախավորվել է ընդդիմադիր մամուլը, իսկ հայտնի ՊՈԱԿ-ի եւ ֆեյքերի ֆաբրիկայի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությունը որեւէ փորձաքննության չի ենթարկվում»:

Lurer.com կայքի գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանի հետ էլ զրուցեցինք: «Մենք նույնպես ծանուցումներ ստացել ենք վրացական Factcheck.ge փաստերի ստուգման հարթակի կողմից։ Ինձ համար պարզ է այդ հարթակի գործունեության մոտիվացիան այնքանով, որ ստուգվում են հատկապես իշխանամետ գործիչներին, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին եւ ադրբեջանցիներին վերաբերող նյութերը։ Ես կարծում եմ, որ դա հավելյալ լծակ է ԶԼՄ-ների աշխատանքի վերահսկման համար։ Շատ չխորանալով այդ հարթակի գործունեության մեջ, այնուամենայնիվ, պետք է նկատել, որ վիճելի են անգամ նրանց ստուգած նյութերը։ Հարթակը կեղծ էր համարել Գաբրիելյանովի կողմից հրապարակված տեսանյութը եւ կից տեքստը, սահմանափակել էր այդ նյութի հրապարակումը, սակայն, ըստ էության, նյութը ճիշտ էր՝ այնքանով, որ Փաշինյանն իսկապես նախընտրական քարոզչական հոլովակում նմանակ էր օգտագործել։ Բացի այդ` ժամանակի ընթացքում կայքային լրագրության մեջ ձեւավորվել է մշակույթ, որ բլոգ բաժնում տեղադրվում են նյութեր` առանց խմբագրման, եւ հերքվում են առանձին տեքստով։

Պետք է հասկանանք` եթե կեղծ լուր ենք տարածել, ինչո՞ւ դա չի հերքվում պաշտոնապես, որպեսզի հերքման տեքստ հրապարակենք: Ո՞վ է ինձ համար անհայտ կառույցը, որը պիտակավորում է մեր ՖԲ էջը։ Հարց է առաջանում` ո՞ւր են այդ բազմաթիվ խոսնակները, որ պետք է հերքեն իրենց ղեկավարների մասին տարածված վիճելի տեքստերը, եւ ո՞րն է Վրաստանում գործող այդ կազմակերպությունում աշխատող մարդկանց շահը, որ գիշեր ու զօր կարդում են մեր նյութերը եւ արգելափակում դրանք»,- ասաց Ավետիսյանը։

Ի դեպ, նշենք, որ Գեղամ Վարդանյանի թիմում տեղ են գտել հենց հայտնի «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին աշխատակիցները, օրինակ՝ Օֆելյա Սիմոնյանը, որը դրանից առաջ էլ Դանիել Իոաննիսյանի մոտ էր աշխատում։

Խմբագիրներն այս փաստերից խիստ վրդովված են, մենք տեղեկացանք, որ նրանք պատրաստվում են լուրջ քայլեր ձեռնարկել այս գործընթացի դեմ՝ ընդհուպ իրավական։ Հայաստանում տասնամյակների ընթացքում ձեւավորված խոսքի ազատությունը չեն պատրաստվում զիջել։

hraparak.am

Տեսանյութեր

Լրահոս