«Ես գործադիրի մարդ եմ, օրենսդիր մարմնում ինձ լավ չեմ պատկերացնում»․ Ռոբերտ Քոչարյանը՝ մանդատ վերցնելու մասին

«Մենք հիմա մշակում ենք այդ ռազմավարությունը»,- պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ ռազմավարությամբ եք պատրաստվում գնալ Ազգային ժողով, ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:

Երկրորդ նախագահի խոսքով՝ ՀՅԴ-ն խորհրդարանում աշխատելու երկարատև փորձ ունի, հիմա մշակում են այդ ռազմավարությունը և առաջիկայում կներկայացնեն հանրությանը․

«Միանշանակ մեկ բան կարող եմ ասել, որ մեր պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու, շատ ավելի ուժգին և խորհրդարանական լծակները հնարավորություն են տալու շատ ավելի ակտիվ խորանալ մի շարք այլ ուղղություններով։ Առաջինը երկրի համար 1 ամբիոնն է, որը հնարավորություն է տալու վերհանել ներկա խնդիրները։ Դուք կտեսնեք, թե ինչպիսի կոռուպցիոն գործարքների մեջ է խրված այս իշխանությունը, հատկապես գնումների գործընթացներում և մի շարք այլ ոլորտներում․ մենք լրացուցիչ լծակներ ենք ստանալու քաղաքական պայքարի համար»։

Հարցին՝ թե նոր ձևավորված խորհրդարանն այս տեսքով, որքանո՞վ է գործունակ, արդյո՞ք առաջիկայում՝ 6 ամիս հետո, 1 տարի հետո կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Երկրորդ նախագահը չուզեց կանխատեսումներ անել, սակայն ևս մեկ անգամ ընդգծեց, որ եթե այս իշխանությունները շարունակեն գործել նույն ոճով, ինչպես նախորդ 3 տարիների ընթացքում, ամեն ինչ բերելու է նոր արտահերթ ընտրությունների․

«Իրենց այդ ոճը բերեց Արցախի կորստի, ներքաղաքական և տնտեսական ճգնաժամի, հենց այդ ոճը։ Երեկվա իրենց հայտարարություններից և ելույթներից եզրակացությունս մեկն է՝ շարունակելու են աշխատել նույն ոճով․․․»։

«Հայաստան» դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն էլ հավելեց, որ իրենց մոտեցումներում որևէ բան չի փոխվել․

«Մենք շարունակում ենք պնդել, որ այս իշխանության վերարտադրությունը աղետի է բերելու մեր երկրին, և մենք բոլոր հնարավոր միջոցներով և գործիքակազմով պայքարելու ենք այս իշխանության դեմ՝ կլինի դա խորհրդարանում, խորհրդարանից դուրս, այսպես ասած՝ օդում, ջրում, թե ցամաքում, բոլոր հնարավոր միջոցներով՝ իբրև երկրորդ ընդդիմադիր խոշոր բլոկ, ամեն ինչ անելու ենք և պայքարելու ենք այս իշխանության դեմ»։

Ռոբերտ Քոչարյանն էլ նկատեց, որ 2018 թվականին այս իշխանություններն ունեցել են հնարավորություն «սիրո, համերաշխության» լոզունգի տակ իսկապես միավորել ժողովրդին և լրիվ այլ ուղղությամբ տանել Հայաստանը, բայց․

«Երևի իրենց ԴՆԹ-ից ելնելով, թե ոնց, չարությունից չկարողացան ազատվել և երկիրը տարան լրիվ այլ ուղղությամբ»։

Լրագրողի հարցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք վերցնել մանդատը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․

«Ես ինքս գործադիրի մարդ եմ, օրենսդիր մարմնում ինձ լավ չեմ պատկերացնում։ Մեր թիմում տարբեր կարծիքներ կան, մի մասը պնդում են և համարում են, որ ճիշտ է, որ ես լինեմ խորհրդարանում, խորհրդարանի ամբիոնն օգտագործեմ քաղաքական պայքարի համար, մյուս մասը համարում են, որ չարժե։ Ես անձնապես այդպիսի ցանկություն չունեմ, ես ավելի շատ հակված եմ դա չանելու, բայց վերջնական որոշում դեռ չունենք, պետք է շատ սառնասիրտ, առանց զգացմունքային կոմպոնենտի այդ որոշումը կայացնեմ։ Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում․․․»։ Անդրադառնալով ընտրախախտումներին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ «Հայաստան» դաշինքի տարբեր շտաբներից 60-ից ավելի պատասխանատուների են բերման ենթարկել․

«Նպատակը մեկն էր՝ այդ մի քանի ժամվա ընթացքում խաթարել այն գործունեությունը, որը շտաբները պետք է անեին․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս