7-8 օր առաջ գիշերը 40-50 հոգի զինված մարդիկ կրպակ են տեղադրել, չի հաջողվել կանխել. Հայկ Մարության

Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանն անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում զանգվածային ապօրինի կրպակներ տեղադրելուն՝ ասաց, որ եթե առաջ դա արվում էր միայն ոչ աշխատանքային օրերին, ապա հիմա մարդիկ հանդգնում են աշխատանքային օրերին ևս տեղադրել:

«Շատ ենք խոսել այս մասին, լսել ենք մեկնաբանություններ օրենքի բացի մասին, և այլն: Երեք տարի այս ուղղությամբ ոչինչ չի արվել: Անընդհատ փոխադարձ մեղադրանքներ են հնչում…Երբ խոսում ենք վարչական շրջանի ղեկավարի հետ, ինքը օրենքից դուրս ոչինչ չի ուզում անել, այսինքն՝ օրենքում չկա՞ մի կետ, որը պաշտպանում է համայնքային հողերը: Ի՞նչ է նշանակում՝ վախենում են դատվելուց: Ինչի՞ համար են իրենք վարչական շրջանի ղեկավարները, եթե չպետք է պաշտպանեն համայնքի հողը… Մենք չունենք համայնքից գողերին հող տալու: Էս քաղաքը մերն է ու մենք կպաշտպանենք այն»,- ասաց Եղիազարյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ Քաղաքապետարանում ոչ ոք օրենքից դուրս ոչինչ չի անում: Նա հիշեցրեց, որ դեռ 3 տարի առաջ համայնքային և պետական հողի վրա գտնվող ապօրինի շինարարությունները չօրինականացնելու մասին նախագիծ են մշակել և ուղարկել Կառավարություն:

«2019թ.-ի փետրվարին՝ իմ՝ որպես քաղաքապետ գալուց երկու-երեք ամիս անց, արդեն մշակված նախագիծն ուղարկվել է ՀՀ կառավարություն,  912Ն հայտնի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, այն է՝ այնտեղ փոփոխություն ունենալ, որ համայնքային և պետական հողի վրա այսուհետ ոչ մի ինքնակամ շինություն չի օրինականացվելու: Սա հստակ նախագիծ էր, որն ուղղակի կանգնեցնելու էր ապօրինի շինարարությունը ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում: Այդպես էլ այդ որոշումը չի ընդունվել: Ես չգիտեմ պատճառները: Կարող եք հարցնել ձեր գործընկերներին»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետը պնդեց, որ եղել են դեպքեր, երբ վարչական շրջանների ղեկավարները քանդել են ապօրինի շինություններ, և այժմ նրանց դեմ հարուցված են քրեական գործեր, որոնք ընթանում են:

«Գործում են հատուկ կրիմինալ խմբավորումներ, որոնք սխեմաներով են գործում: Այդ սխեմաներում կան մարդիկ, որոնք բոլոր օղակներով աշխատում են, կարող է տարօրինակ հնչել, բայց բոլոր օղակներում աշխատում են՝ սկսած տարբեր տիպի պետական մարմիններից, վերջացրած դատարաններով, որ այդ սխեման աշխատի: Ուզում եմ տեղեկացնել, որ մենք ունեցել ենք դեպքեր, որոնք տեղի են ունեցել գիշերը: Մեր աշխատակիցներից 8 հոգի, ինչպես նաև ոստիկաններից  3 հոգի ներկա են եղել այդպիսի մի կրպակի տեղադրմանը: Կրպակի տեղադրմանը մասնակցել է 40-50 հոգի մարդ: Մեր աշխատակիցներն ու Ոստիկանությունը փորձել են կանխել, իրենք զինված են եղել նաև տարբեր տիպի մահակներով, դանակներով, և ուղղակի չեն կարողացել կանգնեցնել դա: Դա եղել է 7-8 օր առաջ:

Ինձ զեկուցել են, որ ընտրությունների օրը 5 կրպակ  է տեղադրվել, որոնցից երկուսը՝ ոստիկանների ներկայությամբ, քանի որ ոստիկանական ուժեր չկային, զբաղված էին նաև  ընտրությունների անցկացման ապահովմամբ, չեն կարողացել դեմն առնել: Սա մեծ համակարգային հարց է, և շատ շուտով այն մարդիկ, որոնք օրենքը խախտել են, շատ հստակ իրենց վրա կզգան օրենքի ամբողջ ուժը: Գործողությունները չեն ուշանալու»,- ասաց քաղաքապետը:

Տեսանյութեր

Լրահոս