««Հայաստան» դաշինքի մուտքը քաղաքական դաշտ ցունամիի պես մի բան էր․ մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար շատ լուրջ նոր հնարավորություններ»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ քննարկումներին՝ հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքում այս հարցի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չունեն, ապա իր անձնական կարծիքը հայտնեց․

«Երեկ այստեղ ավելի լայն կազմով քննարկում էինք, և Սեյրան Օհանյանը մի հետաքրքիր համեմատություն բերեց, ասաց՝ մարտական գործողությունների ժամանակ, եթե ամբողջական խնդիրը չի լուծվում, բայց դու վերցնում ես ինչ-որ խրամատներ, ապա անպայման պետք է այդ խրամատները ոչ միայն պահել, այլ նաև ամրացնել հետագա գրոհի համար։ Հիմա պատերազմ չի, բայց քաղաքական պայքար է, և այդ համեմատությունը միգուցե ավելի մեղմ տերմիններով կարելի է կիրառել նաև այս պարագայում։ Այո, ես համարում եմ, որ մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար շատ լուրջ նոր հնարավորություններ․․․»։

Իսկ թե առաջիկայում ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահն ասաց․

«Շարունակել մեր պայքարը, և խորհրդարանական պայքարը միայն կարող է ուժեղացնել, այլ ոչ թե փոխարինելու է նաև փողոցային պայքարը։ Մենք ունենք շատ ակտիվ կողմնակիցներ, մենք ունենք նաև փողոցային պայքարի մեծ փորձ, և կարծում եմ՝ այդ համատեղումը միայն ուժեղացնում է մեր հնարավորությունները․․․»։

Քոչարյանը նկատում է՝ այս ընտրություններն էապես փոխեցին քաղաքական լանդշաֆտը․

««Հայաստան» դաշինքի մուտքն այս քաղաքական պայքարի մեջ ցունամիի պես մի բան էր։ Մենք այս տեմպը պահելու ենք, դինամիկան պահելու ենք և համոզված ենք, որ այդ հնարավորությունը մենք ունենք՝ և՛ մարդկային պոտենցիալի առումով, և՛ մեր թիմում կարողությունների, մտավոր մեր ուժերի կողմից բավական լուրջ ներուժ կա, և այդ ներուժը շարունակելու է աշխատել․․․»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս