«Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր․ մենք տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում և դիմելու ենք ՍԴ»․ Ռոբերտ Քոչարյան
«Պետք է խոստովանեմ, որ արդյունքներն անսպասելի էին մեզ համար, կարծում եմ՝ անսպասելի էին նաև շատ-շատերի համար»,- այսօր Հայաստան դաշինքի առաջնորդների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրանց արդյունքներին։
Քոչարյանի խոսքով՝ նման արդյունքներն անսպասելի էին հաշվի առնելով նաև տարբեր կազմակերպությունների անցկացրած սոցոլոգւական բոլոր հարցումներն։
«Մենք ենթադրում ենք, որ այնուամենայնիվ եղել են զանգվածային խախտումներ, մենք ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում և այդ պատճոռով մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները քննարկելու համար»,– ասաց Ռոբերտ Քոչարյանը, ապա հավելեց, որ «Հայաստան» դաշինքի բոլոր շտաբների կողմից հավաքագրվում են բոլոր այդ նյութերը։
ՀՀ երկրորդ նախագահն ընտրությունների արդյունքների մասին խոսեց նաև մեկ այլ կոնտեեքստով․
«Համոզված եմ, որ այն մանդատը, որը ստացել է այս իշխանությունը՝ այս իշխանության նկատմամբ վստահության մանդատ չէ։ Գիտեք՝ մեր բոլոր հանդիպումները եղել են և ավելի մարդաշատ, քան իշխանության ներկայացուցիչների հանդիպումները և շատ ավելի հզոր, էներգետիկայով, քան իշխանության բոլոր հավաքները․․․
Իմ տպավորությամբ այստեղ աշխատեց մի գործոն, նախկին իշխանությունների վերադարձի գործոնն աշխատեց և այդ գործոնը էապես ուժեղացրեց այն հանգամանքը, որ 3 նախկին նախագահներ ակտիվ մասնակցում էին ընտրություններին՝ երկուսն ընտրացուցակներ գլխավորելով և երրորդը՝ քարոզարշավին շատ ակտիվ մասնակցելով։ Մենք ուղղակի չկարողացանք կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր, չէինք հասցնում և հատկապես գյուղական վայրերում բավական քիչ հանդիպումներ ենք ունեցել, և եթե դուք նկատել եք՝ իշխանությունը շատ ավելի մեծ արդյունքներ է գրանցել հենց գյուղական վայրերում․․․»,– ասաց Ռոբերտ Քոչարյանը, ապա հավելեց, որ 2 շաբաթ ավելի երկար քարոզարշավ ունենալու պարագայում՝ իրենք կկարողանային փոխել նաև այդ պատկերացումը։
«Մարդիկ այնուամենայնիվ վերջին պահին մտահոգություն ունենալով այդ տեսանկյունից, քվեարկեցին ներկա իշխանությունների․․․ Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր, բայց չեմ կարծում, որ իշխանությունը ճիշտ է գնահատում այս վիճակը, իրենք հաստատ մտածում են՝ նոր մանդատ է իրենց համար, բայց կրկնում եմ՝ սա ավելի շատ հակառակ կողմից եկող մանդատն էր․․․»։