Միլիոնների մեկ անձից գնում՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բիզնեսից
Հայաստանի ոստիկանությունը 3.5 միլիոն դրամի մեկ անձից գնման պայմանագիր է կնքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համարի պատգամավորի թեկնածու, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ։
Ըստ կնքված պայմանագրի՝ ապահովագրական այս ընկերությունը կսպասարկի ոստիկանության թվով 124 միավոր մեքենա։
Ուշագրավ է, որ գնումը ոստիկանությունը կատարել է մեկ անձից՝ ՀՀ գնումների մասին օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն, ըստ որի, գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ։
Նշենք, որ, թե ինչով է բացառիկ և հատուկ «Սիլ ինշուրանսի» կողմից մատուցվող ծառայությունը և ինչով է այն առավել կամ պակաս Հայաստանում գործող այլ ապահովագրական ընկերություններից, կնքված պայմանագրում նշված չէ, ուստի հարց է մնում, թե ինչո՞ւ է ոստիկանության ընտրությունը կանգնել հենց Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բիզնեսներից մեկի վրա։