Կադրային ջարդ՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում
168.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ենթակայության տակ գործող Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կադրային ջարդ է սկսվել:
Մասնավորապես, մեզ փոխանցեցին, որ միաժամանակ շուրջ 10 հոգի, հիմնականում՝ անվտանգության աշխատակիցներ, աշխատանքից ազատման մասին ծանուցում են ստացել:
Խմբագրության հետ կապ հաստատած աշխատակիցներից մեկը հայտնեց, որ, ըստ շրջանառվող խոսակցությունների` պատճառն այն է, որ ֆեդերացիայի ղեկավարությունը որոշել է այդ ծառայությունը «աութսորս» անել, պատվիրակել այլ կազմակերպության ու նրանց հրավիրել՝ կատարելու այդ գործառույթները:
«110․000 դրամ աշխատավարձ էինք ստանում, հազիվ տուն էինք պահում, հիմա ասում են՝ գնացեք, պետք չեք այլևս»,- ասաց մեզ ահազանգած աշխատակիցը՝ հավելելով՝ ի՞նչ անենք, հիմա էլ մե՞նք արտագաղթենք, առանց այդ էլ արդեն մարդիկ ճամպրուկներն են հավաքում:
Խնդրի վերաբերյալ մենք փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՖՖ-ից, սակայն Ֆեդերացիայի խոսնակ Հայկ Կարապետյանը մեր զանգերին չպատասխանեց: