Հակասություններ՝ նախաքաննական և դատաքննական ցուցմունքներում. կհրապարակվեն «Հարսնաքարի» գործով տուժողի ցուցմունքները
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց գործով տուժող Արկադի Աղաջանյանի հարցաքննությունը:
Գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը միջնորդություն ներկայացրեց նախաքննության ընթացքում տուժող Արկադի Աղաջանյանի ցուցմունքները հրապարակելու համար: Ըստ Մարինե Թովմասյանի՝ նախքաննության և դատաքննության ընթացքում տուժողի տված ցուցմունքներում առկա է էական հակասություն:
Ըստ Մարինե Թովմասյանի՝ նախաքննության ընթացքում Արկադի Աղաջանյանը նշել է, որ լսել է, թե ինչպես է մատուցողը զգուշացնում «կայֆավատ» չլինելու վերաբերյալ: Դատաքննության ընթացքում պաշտպանի հարցին՝ նման բան լսե՞լ է, թե՞ ոչ, տուժողը պատասխանել է, որ չի լսել:
Նախաքննության ընթացքում տուժող Արկադի Աղաջանյանը նշել է, որ ռեստորանային համալիրից դուրս գալը պայմանավորված է եղել «անիմաստ կռիվ չլինելու հանգամանքով»:
Պաշտպան Թովմասյանի խոսքով՝ նախաքննության ընթացում տուժողը հայտնել է, որ Գարիկ Մարգարյանը ձեռքերով և ոտքերով հարվածել է իրեն և իր ընկերներին: Դատաքննության ընթացքում տուժողը նշեց, որ Գարիկ Մարգարյանն իրեն չի հարվածել:
Գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ևս միջնորդեց հրապարակել Արկադի Աղաջանյանի և Նորայր Հայրապետյանի միջև առերեսման արձանագրությունը:
Ըստ պաշտպանի՝ Արկադի Աղաջանյանը նախաքննության ընթացքում հայտնել է, որ Նորայր Հայրապետյանը գտնվել է իրեն ծեծողների մեջ: Դատաքննության ընթացքում տուժողը նշեց, որ Նորայր Հայրապետյանը իրեն չի հարվածել:
Գործով մյուս մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ միջնորդեց հրապարակել ճանաչման արձանագրությունը, որի ընթացքում տուժող Արկադի Աղաջանյանը հայտնել է, որ Արման Բաղդասարյանը գտնվել է իրեն ծեծողների մեջ, իրեն և իր ընկերներին ոտքերով և ձեռքերով հարվածել է:
Դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը: Տուժողի նախաքննական ցուցմունքները կհրապարակվեն հաջորդ դատական նիստի ընթացքում: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: