«Գագիկ Ջհանգիրյանի կառավարման եղանակը Նիկոլ Փաշինյանի տեղայնացված մոդելն է դատական իշխանությունում. միայն խոստումներ՝ առանց որևէ հիմքի». Կարինե Պետրոսյան
«Իհարկե, հեշտ չտրվեց, քանի որ ես իմ ամբողջ գիտակցական կյանքի համար ընտրել էի մի ոլորտ, որն ըստ իս՝ պետք է շարունակեի մինչև թոշակի գնալս, բայց իրադարձություններն այնպես հաջորդեցին միմյանց, որ ես հասկացա՝ նման պայմաններում ուժերս ավելի արդյունավետ կիրականացնեմ քաղաքականության մեջ, քան դատական իշխանության մեջ արդարադատություն իրականացնելիս»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հե՞շտ տրվեց արդյոք դատական իշխանությունը թողնելու ու քաղաքականություն մտնելու որոշումը:
Նրա խոսքով՝ դատական իշխանության նկատմամբ կախված սպառնալիքի առաջին ազդակներն ինքը զգացել է այն ժամանակ, երբ հասկանալի եղավ, որ այս իշխանությունը չի ցանկանում պահպանել դատական իշխանության անկախությունը:
«Ներկայիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իր հիմնական քաղաքականությունը կառուցել է պոպուլիզմի վրա: Մինչև իշխանության գալը նա իր հրապարակային ելույթներում հայտարարում էր, որ դատարանները լինելու են անկախ, որևէ «զանգովի արդարադատություն» չի լինելու, չեն միջամտելու արդարադատության իրականացմանը: Մարդիկ հավատացին դրան: Իմ կոլեգաների շրջանում էլ կային շատ դատավորներ, որոնք ընդունեցին՝ այս իշխանությունը նման քաղաքականություն է որդեգրել»,- ասաց Կարինե Պետրոսյանը:
Վերջինս նշում է, որ դա տևեց այնքան, մինչև առաջին անգամ քաղաքական իշխանությունը չստացավ իր կամքին հաճո որոշումը:
«Դա տեղի ունեցավ դատարանների դռները փակելու հրապարակային կոչի տեսքով: Այսինքն՝ պետության քաղաքական իշխանության առաջին դեմքը հրապարակային կոչ է անում իր կողմնակիցներին փակել դատարանների դռները, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատությանը խոչընդոտում: Ինձ թվում էր՝ նորմալ երկրում հասարակությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները, որոնք նախկինում ամեն հասարակ միջադեպի պատճառով աղմուկ էին բարձրացնում, պետք է պարսավանքի ենթարկեին այդ արարքը, ճնշեին, հրապարակային ճնշման միջոցով հարկադրեին, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տար: Նա մարսեց դա: Իսկ եթե մի անգամ մարսում ես քրեական հանցագործության տարրեր պարունակող արարքը, դու գնում ես հաջորդ քայլին»,- ասաց նախկին դատավորը:
Հարցին, թե ինչպես է ընթանում «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը մարզերում, և լսո՞ւմ են արդյոք մարդիկ իրենց, Կարինե Պետրոսյանը պատասխանեց՝ մարզերում ինքը տեսնում է ժողովրդի ու 3-րդ նախագահի ջերմ հանդիպումները:
«Եթե Դուք որպես անկողմնակալ դիտորդ՝ կողքից նայեք, թե ինչ շփումներ են տեղի ունենում մարդկանց հետ, և որքան անկեղծ են դրանք, հավատացեք՝ ինքներդ կհամոզվեք: Ինձ համար բացահայտում էին նախագահ Սերժ Սարգսյանի ու ժողովրդի այդ շփումները, որովհետև նախկինում ես եղել եմ դատավոր, և առհասարակ այդ կարգի հանդիպումներից տեղյակ եմ եղել այնքան, որքան ցույց են տվել լուրերով, ԶԼՄ-ներով: Հիմա ես տեսա, թե ինչպես է 3-րդ նախագահը շփվում մարդկանց հետ: Նա չի խորշում որևէ անհարմար հարցից, համբերատար տալիս է յուրաքանչյուր հարցի պատասխանը, հստակ, պատճառաբանված, երբեք գլուխ չի գովում, ասում է՝ որտեղ է հնարավոր ինչ-որ բան շտկել, որտեղ՝ չէ: Մարդիկ իրականում ստանում են իմաստուն մարդու պատասխաններ: Հավատացեք, այսօր մարդիկ կարիք ունեն այդ իմաստուն մարդու ներկայությանը քաղաքականության մեջ»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուն:
Վերջինիս խոսքով՝ պատահական չէ, որ այսօր Արթուր Վանեցյանը, լինելով «Հայրենիք» կուսակցության նախագահը, դաշինք է կնքել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ, որի նախագահը 3-րդ նախագահն է, և հակառակը, իսկ սա նշանակում է՝ այս մարդկանց միավորում է ընդհանուր գաղափարը:
«Յուրաքանչյուր նման հանդիպումից հետո ես իմ մեջ մտածում եմ՝ շատ ափսոս, որ նման հանդիպումներ չեն եղել մինչև 2018թ.-ը: Եթե դրանք լինեին, կարծում եմ՝ այս իշխանափոխությունն էլ տեղի չէր ունենա»,- ասաց Կարինե Պետրոսյանը:
Անդրադառնալով դատավոր եղած ժամանակ իր նկատմամբ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանի սկսած հետապնդումներին՝ Կարինե Պետրոսյանն ասաց, որ երկու սուբյեկտների միջև իրավական վեճ ինքն ունեցել է նաև Գագիկ Հարությունյանի՝ ԲԴԽ նախագահ եղած ժամանակ:
«Տարբերությունն այն է, որ Գագիկ Հարությունյանը քաղաքական իշխանության դրածոն չէր դատական իշխանությունում, ու դա շատ կարևոր էր: Կար երկու սուբյեկտների միջև իրավական ինստիտուցիոնալ վեճ, և ի պատիվ Գագիկ Հարությունյանի՝ նա չքաղաքականացրեց այն»,- ասաց Կարինե Պետրոսյանը՝ հավելելով, որ այլ է խնդիրը Գագիկ Ջհանգիրյանի պարագայում:
Նախկին դատավորն ասում է, որ իր ընդամենը մի հայտարարությունը, որը կատարել էր 168.am-ին տված հարցազրույցում, երբ ինքն ասել էր, որ նույն ինստիտուցիոնալ ձևով պայքար է մղելու Գագիկ Ջհանգիրյանի ընտրության դեմ՝ կապված նրա տարիքի հետ, նա ընդունեց որպես վտանգ իր պաշտոնավարմանը, ու դրան անմիջապես հաջորդեց իր նկատմամբ քրեական գործի հարուցումը, ինչն այս պահին ամիսներ տևած պայքարից հետո կարճվել է:
«Գագիկ Ջհանգիրյանի կառավարման եղանակը Նիկոլ Փաշինյանի տեղայնացված մոդելն է դատական իշխանությունում՝ միայն խոստումներ՝ առանց որևէ հիմքի: Այսինքն՝ մարդկանց ասել այն, ինչ ինքն ուզում է լսել»,- ասաց Կարինե Պետրոսյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի կողմից դատարան առ դատարան շրջելուն ու դատավորին մասնավորապես իրենց կենսաթոշակային հարցերի վերաբերյալ շռայլ խոստումներ տալուն:
Մանրամասները՝ տեսանյութում