Զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնյաների ցանկն ընդլայնվել է
Հայաստանում ընդլայնվել է զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնյաների ցանկը։
Հունիսի 10-ին գործադիրը չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, որով Պետական եկամուտների կոմիտեում արդեն նաև հարկային և մաքսային մարմնի ղեկավարն ու նրանց տեղակալները զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք կունենան։
Որոշման նախագիծը գործադիրի հավանությանն է ներկայացրել ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։
Ըստ նախագծով առաջարկվող փոփոխությունների՝ զենք կրողների ցանկն ընդլայնվել է. մաքսային հսկողության վարչության, հետբացթողումային հսկողության վարչության պետերը, վարչությունների պետերի տեղակալներ և վարչությունների բաժինների պետերը, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության, մաքսանենգության դեմ պայքարի վարչության և մաքսատուն-վարչությունների բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնները։
Կատարվել է նաև մեկ այլ փոփոխություն. եթե զենք կրելու, պահելու կարգը նախկինում սահմանվում էր Կառավարության որոշմամբ, ապա հիմա այն կսահմանվի ՊԵԿ նախագահի որոշմամբ։