«Որևէ տարբերություն չկա՝ վարչապետի պաշտոնակատարը արձակուրդո՞ւմ է, թե՞ աշխատանքի». Անի Սամսոնյան

Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր քարոզարշավի երևանյան հանդիպումներն անցկացնում է Աջափնյակում: ԼՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել և քարոզարշավ է անում, երբ Հայաստան-Ադրբեջան սահմանի լարվածությունը չի թուլանում, ասաց․

«Բնականաբար, Ադրբեջանը պետք է օգտվի յուրաքանչյուր լարված ներքաղաքական իրավիճակից իր պլաններն առաջ տանելու համար, բայց որևէ տարբերություն չկա՝ վարչապետի պաշտոնակատարը արձակուրդո՞ւմ է, թե՞ աշխատանքի է, որևէ տարբերություն չկա:

Երբ նա իր աթոռին նստած է, երկրում կան նույն խնդիրները, մենք ունենք նույն մարտահրավերները, թշնամին անարգել կարողանում է գալ, մտնել, նստել մեր տարածքում, երբ նա իր աթոռին չէ, արձակուրդում է, շարունակվում են նույն խնդիրները: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ վարչապետի այս պաշտոնակատարը՝ որպես կառավարիչ, որպես մենեջեր, որպես ղեկավար, որևէ գործոն չունի»,- ասաց Սամսոնյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս