«Քաբաբային ելույթները պետք է մի կողմ դնեն, թշնամին մտել է մեր տարածք». Էդմոն Մարուքյանը՝ քարոզարշավի մասին

Այսօր ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրն է: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները շրջում են Երևանի փողոցներում: ԼՀԿ առաջնորդ, նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ երեկ իրենց քարոզարշավը տեղի է ունեցել Երևանում և Սյունիքի Ագարակ քաղաքում:

«Այսօր Սյունիքի մարզի խումբը Սիսիան քաղաքից շարունակում է քարոզարշավը, դեպի Վայոց Ձոր, այնուհետև՝ Արարատի մարզ, վաղը իրենք կփոխարինեն ինձ այստեղ և կշարունակեն Երևանում քարոզարշավը: Վաղը ես քարոզչական մյուս խմբի հետ կմեկնեմ Կոտայքի մարզ, երեկոյան կունենանք հանդիպում Վանաձոր քաղաքում: Իրար փոխարինելու ենք»,- ասաց Մարուքյանը:

Նա վստահեցրեց, որ իրենց քարոզարշավը տարբերվում է, իրենք շրջում են թաղամասերով, մտնում են շենքերի բակեր՝ իրենց ուղերձը հասցնելու համար:

«Երեկվա քարոզչության օրը՝ թե՛գործող վարչապետի պաշտոնակատարի, թե՛ նախկին իշխանությունների, ցույց տվեց, որ մենք մեր թեզերի մեջ ճիշտ էինք, իրար ոչնչացնելու, ոտնատակ տալու երեկվա հայտարարությունները իրապես մտահոգիչ են, հետևաբար՝ միանշանակ է, որ մեր ուղերձը՝ ազգային համերաշխության, ներքին հաշտության, միասնական լինելու ընդդեմ մեր թշնամու, գնալով ավելի է ամրանում և արդիական դառնում: Այս ուղերձը հասցնելու համար այսօր լինելու ենք Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում»:

Հարցումները ցույց են տալիս, որ մեր համաքաղաքացիներին ամենաշատ հուզող հարցը մեր սահմանների անվտանգությունն է: Լրագրողները Մարուքյանից հարցրին, թե ինչպե՞ս են լուծելու սահմանների հետ կապված խնդիրը:

«Ես իմ անցած ճանապարհով ցույց եմ տվել, որ արտաքին քաղաքականության մեջ կարողանում եմ բալանսավորված մոտեցումներ բերել, և թե՛ խոսքով, թե՛ գործով, իմ արած աշխատանքով աչքի եմ ընկել: Իզուր չէ, որ Եվրոպայի խորհրդի նման կառույցում Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ եմ ընտրվել՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ… Մենք պատերազմով մեր թշնամուն չենք հանելու մեր տարածքից, դա ակնհայտ է, պետք է անենք բանակցություններով, բանակցելու փոխարեն՝ արտգործնախարարը հրաժարական է տալիս, երեկ ասում էին, որ արտգործնախարարի 4 տեղակալներն էլ են հրաժարական տվել: Ես պաշտոնապես ասում եմ՝ դիվանագիտական ճակատում «Լուսավոր Հայաստանը» իմ մասնակցությամբ, իմ մյուս գործընկերների մասնակցությամբ կարող է մեծ անելիք ունենալ, մեծ ներդրում ունենալ, այսօր էլ ունենք… Մենք բանակցությունների միջոցով էդ զորքերին հանելու ենք ՀՀ տարածքից: Մենք 540 կմ սահմանն ամրացնելու ենք նոր տեխնոլոգիաներով, պետք չէ, որ 540 կմ զինվորներ կանգնեցնենք, 21-րդ դարն է: Այդ ամբողջ տարածքը տեսադիտարկվելու է հեռվից, հենակետեր ենք ունենալու, որոնք դիտարկելու են, եթե խնդիր լինի, զինվորներն իրենց խնդիրը կկատարեն»,- ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ իրենց և գործող իշխանության բանակցելու տարբերությունն այն է լինելու, որ իրենք ունենալու են բանակցող, և նա չի լքելու «խրամատը»: Մարուքյանը «աբսուրդ» որակեց այն հայտարարությունները, թե թշնամուն մեր տարածքից հնարավոր է հանել երրորդ երկրի միջոցով:

«Դա արդեն չի ստացվել»:

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում հնչող հայտարարություններին՝ ԼՀԿ առաջնորդն ասաց, որ պետք է մի կողմ դնել օգտագործվող հռետորաբանությունը:

«Թշնամին եկել ա, մտել ա մեր տարածք, մենք ստեղ իրար ենք ուտում, նայեք՝ քննարկումն ինչի մասին է՝ «այ 500 դրամանոց քաբաբ ուտողներ», սա է այս քարոզարշավի հռետորաբանությունը: Ես ոչ թե քաբաբի մասին եմ ուզում զրուցել ժողովրդի հետ, ես ուզում եմ զրուցել մեր սահմաններն ամրացնելու մասին, ուզում եմ խոսենք պատերազմի արհավիրքն ուսումնասիրելու, մեր սխալներից դասեր քաղելու մասին, քաբաբի մասին կարելի է խոսել արագ սննդի կետում, ես քաբաբին վատ չեմ վերաբերվում, բայց դա որքանո՞վ է կապված քաղաքական հռետորաբանության, կամ երկրին այս իրավիճակից հանելու հետ, կամ «ոտնատակ կտանք ձեզ»…. Լավ բան չի սպասվում, եթե այսպես շարունակեն: Բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց քաբաբային ելույթները և կենտրոնանան մեր երկրի խնդիրների վրա»,- ասաց Մարուքյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս