Շենգավիթ համայնքի 9-րդ փողոցը կանվանակոչվի՞ Ջհանգիր աղայի անունով
168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ եզդի համայնքը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ առաջարկելով Երևան քաղաքի փողոցներից մեկը անվանակոչել եզդի առաջնորդի անունով: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Սինջար» եզդիական հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին դիմում-խնդրանքով դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ Երևանի փողոցներից մեկը եզդի զորահրամանատար Ջհանգիր աղայի անունով անվանակոչելու համար, և դրական պատասխան էր ստացել:
168.am-ը զրուցեց «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազիի հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ ընթացքում է իրենց նախաձեռնությունը: Նշենք, որ Ջհանգիր աղայի անունով կոչվելու է Շենգավիթ համայնքի 9-րդ փողոցը:
«Ինձ քաղաքապետարանի կազմակերպչական վարչությունից տեղեկացրել են, որ իրենք քննարկել են այս հարցը և հիմա պետք է քաղաքապետի որոշմամբ Ջհանգիր աղայի փողոցի հարցը մտնի ավագանու նիստի օրակարգ: Վերջնական որոշումը քաղաքապետինն է: Միայն մնում է հուսալ, որ քաղաքապետը տեղի կտա մեր խնդրանքին և արդարացի որոշում կկայացվի: Նաև հույս ունենք, որ հարցը ավագանու օրակարգ կմտնի այս տարի: Եթե այդ որոշումը կայացվի և լինի վերջապես Ջհանգիր աղայի փողոց այն քաղաքում, որի պաշտպանության համար պայքարել է մեծ զորավարը, դա մեծ նվեր կլինի ողջ եզդի ժողովրդին: Մենք համոզված ենք, որ որոշումը կլինի, քանի որ դրան խանգարող ոչ մի դրդապատճառ չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Բորիս Մուրազին:
168.am-ը զանգահարեց Երևանի քաղաքապետրանի աշխատակազմի կազմակերպչական վարչություն՝ պարզելու համար, թե ե՞րբ կանվանակոչվի փողոցը: Կազմակերպչական վարչությունից մեզ տեղեկացրին, որ որոշումն արդեն ավագանու քննարկմանն է հանձնվել, իսկ թե ե՞րբ անվանակոչման որոշումը կլինի՝ պարզ չէ: