«Ես մերժեցի Փաշինյանին ուղղակի խղճահարությունից ելնելով, որովհետև այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել». Լևոն Տեր-Պետրոսյան

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրի շնորհանդեսին ՀԱԿ առաջնորդ և կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը միացավ մի փոքր ուշացումով: Չնայած այդ պահին ելույթ էր ունենում ՀԱԿ փոխնախագահ և կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը, ներկաները ՀՀ առաջին նախագահին դիմավորեցին հոտնկայս, բուռն և երկարատև ծափահարություններով: Տեր-Պետրոսյանի ժամանելուց հետո Զուրաբյանը թերահավատորեն հայտարարեց, թե լրատվամիջոցներն այլևս չեն շարունակի լուսաբանել իրենց նախընտրական ծրագիրը: Եվս մեկ ելույթ, և, ինչպես ՀԱԿ փոխնախագահն ասաց, «ծրագրային լավաշը» դրեցին մի կողմ՝ խոսքն առաջին նախագահին փոխանցելու համար: Նորից հոտնկայս ծափահարություններ մի աթոռից մյուսին տեղափոխվող նախագահին: Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց «լուրջ թեմաներից անցնել ավելի թեթև ժանրի»:

«Կոնգրեսի ցուցակում ընդգրկված թեկնածուների զգալի մասին չեմ էլ ճանաչում, իրենց հրապարակումներից, ելույթներից գիտեմ, բայց անձամբ ծանոթ չեմ եղել, ցուցակը կազմել է վարչությունը, վստահ եմ, որ այս պահին դուք կազմել եք լավագույն ցուցակը»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ՀԱԿ առաջնորդը ներկաներին փոխանցեց իր չարագուշակ կանխատեսումները՝ դա սովորական ընտրություն չի լինելու:

«Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում և առայժմ, իմ կանխազգացմամբ, այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները: Տեսնում եք՝ կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության, «ամեն գնով» բառը ես հենց այնպես չեմ օգտագործում, պատրաստ են ամեն ինչի: Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների, երկու կողմն էլ չեն խրտնելու, դիմելու են ցանկացած քայլի իրենց նպատակին հասնելու համար: Դեռ ավելի վտանգավոր զարգացումների մասին չեմ ուզում խոսել, թե դա ինչի՞ կբերի: Ստեղծվում է մի իրավիճակ, որ մենք այսպիսի դաժան պարտությունից հետո, երբ սովորական, նորմալ ազգերը սթափության պահ են ապրում, հասկանալով պահի լրջությունը, հակառակը, նրանք այդ պահն օգտագործում են երկրի վիճակն ավելի խորը փոս նետելու համար, ոչնչի առջև չեն կանգնելու, որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի, մենք տեսել ենք արդեն, թե նրանց ազնիվ խոսքն ինչ է արժեցել մեր ժողովրդի համար: Հիմա չգիտեմ, Աստվածաշնչի վրա կերդվեն, Ղուրանի վրա կերդվեն, մեկ է, եթե որևէ մեկը հավատում է նրանց որևէ խոսքի, կներեք, ես արդեն կարող եմ կասկածել այդ մարդու մակարդակի կամ խելքի վրա»,- ասաց առաջին նախագահը:

Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցրեց՝ ստեղծված իրավիճակից հանդարտ ու հանգիստ դուրս գալու համար իր առաջարկը  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ընտրություններին մասնակցել դաշինքով, պայմանով, որ իրենցից որևէ մեկը չի հավակնելու պետական որևէ պաշտոն զբաղեցնել: ՀՀ առաջին նախագահը մեկ անգամ ևս պնդեց, որ դա «հրաշալի» միջոց էր, ինչը, սակայն, տեղի չունեցավ:

«Միանգամից լուծվում էր ամեն ինչ, մի-ան-գա-մից, Փաշինյան երևույթը կվերանար Հայաստանից, նախկին նախագահները հանգիստ հետ կքաշվեին, կձևավորվեր տեխնոկրատներից կազմված մի հրաշալի կառավարություն, մեր ժողովուրդը հոգնել է քաղաքականությունից, քաղաքական դեմքեր չի ուզում, պրոֆեսիոնալներ պետք է լինեին, որոնք հանգիստ մեկ-երկու տարում կարող էին երկրի վիճակը շտկել, բայց Քոչարյանը և Սերժը մերժեցին այս առաջարկը: Էդ խոսակցությունները, թե նախկինում իրար մորթել, հոշոտել եք, ինչ անբարոյական մարդիկ եք, որ հիմա հավաքվում դաշինք եք կազմում և այլն, լավ, անբարոյական ենք, բայց փրկության միակ ձևը սա էր»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Սա չեղավ, իսկ ի՞նչ է լինելու:

«Ճակատամարտ, դեռ չեմ ասում՝ քաղաքացիական պատերազմ, առայժմ իրենց ռեսուրսների ճակատամարտն է, իրենց համակիրների, դրանով էլ չեն բավարարվելու, ընտրությունների ընթացքում երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու, այդ խախտումների դեպքում անպայման միջադեպեր են լինելու տեղամասերում, դրանք կարող են անկառավարելի դառնալ»,- ասաց ՀԱԿ առաջնորդը:

Տեր-Պետրոսյանն իր ելույթը շարունակեց նվիրել Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի ընտրապայքարին՝ նշելով, որ իր կարծիքով՝ երկուսն էլ ծրագիր չունեն.

«Հիմա ընդամենը վրեժխնդրության հարց են լուծում»:

Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին բանավեճի առաջարկ էր արել: Երկու նախագահներն էլ մերժել էին առաջարկը: Տեր-Պետրոսյանը պարզաբանեց իր մերժման հիմքերը.

«Ես մերժեցի Փաշինյանին ուղղակի խղճահարությունից ելնելով, խղճացի, որովհետև այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել, ես չեմ ասում, ինքն է ասել, ասել է 2009թ.-ին՝ «Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի, ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանը՝ ՀՀ առաջին նախագահը նշեց.

«Ազգի մեծամասնությունը, բոլոր քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը դեռ չի հասկացել այն ամենապարզ ճշմարտությունը, որ ես 25 տարի առաջ եմ ասել, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի:  Հիմա էլ նորից կրկնում են, թե ոչինչ, եթե Ռուսաստանը չի դաշնակից, կլինի ԱՄՆ-ը, Իրանը կլինի, Չինաստանը կլինի: Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ մենք ոչ թե հին պատմության, այլ մեր օրերի, վերջին 3 տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել, բացարձակապես»,- եզրահանգեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս