«Если умирать, так с музыкой»
Նախագահական ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի հնարավոր առաջադրման մասին հարցին անդրադառնալով՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը նախընտրեց պատասխանել հումորով.
«Մեր քաղխորհրդի պատմական նիստը կկայանա դեկտեմբերի 21-ին, որտեղ կտրվի այդ հարցի պատասխանը: Իսկ թե ինչո՞ւ «պատմական», որովհետև այդ օրը, ըստ կանխատեսումների, աշխարհի վերջն է, և մենք ցանկացանք մեր համակիրներին այդ օրը մենակ չթողնել: Ինչպես ռուսն է ասում` «если умирать, так с музыкой»: Ինչ վերաբերում է ինձ՝ ես չեմ առաջադրվի»,- ասաց Սուրեն Աբրահամյանը՝ հավելելով, որ իրենց համար «իշխանափոխությունն ինքնանպատակ չէ և եթե դրա արդյունքում իշխանությունն ավելի լավը չի լինելու, զուտ փոխելու արկածախնդրությանն իրեք չեն գնա»:
Վերջինս բացառեց «Հանրապետություն» կուսակցության՝ ընտրություններին չմասնակցելու ձևաչափը, միևնույն ժամանակ՝ չբացառելով քաղաքական որևէ ուժին սատարելու հնարավորությունը: «Կտեսնենք՝ ո՞վ կառաջադրվի, ի՞նչ նպատակներ ունի, ինչպե՞ս է տեսնում ապագան, այդ ժամանակ էլ կորոշենք»,- նշեց նա:
Հարցին, թե կսատարե՞ք Սերժ Սարգսյանին կամ Լևոն Տեր Պետոսյանին, Աբրահամյանն պատասխանեց, որ ամեն ինչ կախված է իրենց առաջարկած ծրագրերից: «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը նախկին վճռականությամբ ասի, որ դուրս են եկել կազմաքանդելու այս ավազակապետությունը՝ կսատարենք: Եթե Սերժ Սարգսյանն էլ ասի, որ կկազմաքանդենք այս ավազակեպությունը՝ հաստատ իրեն էլ կսատարենք»,- ասաց նա: