«Ես աշխատանքից ազատվելու դիմում չեմ գրել. մարզպետն ինձ ցուցում չի տվել և չէր կարող տալ». Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության նախկին պետ
Երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության արդեն նախկին պետ Վահան Աղգաշյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել իշխանությունների ապօրինի հրամանները չկատարելու պատճառով։
168.am-ի հետ զրույցում սակայն ոստիկանության գնդապետը հերքեց տարածված լուրերը։
«Որևէ մեկն ինձ ապօրինի հրաման չի տվել, դրա մասին խոսք լինել չի կարող։ Բացի դրանից, ինձ աշխատանքից չեն ազատել։ Ես աշխատանքից ազատվելու դիմում չեմ գրել։ Կադրերի ռեզերվում եմ ընդամենը»,- ասաց Վահան Աղգաշյանը։
Մեր հարցին, թե ինչու են այդ դեպքում 27 տարվա աշխատանքային փորձ ունեցող ոստիկանության ծառայողին տեղափոխել կադրերի ռեզերվ, Վահան Աղգաշյանը պատասխանեց, որ դա ոստիկանության համակարգում սովորական բան է. հաճախ են լինում ռոտացիաներ և փոխատեղումներ։
«Այս պահին կադրերի ռեզերվում եմ, վաղը, մյուս օրը այլ տեղում կնշանակվեմ։ Այս գործընթացը որևէ բանի հետ կապված չէ»,- ասաց նա։
Մեր ճշտող հարցին, թե տեղեկություններ են պտտվում, որ Արագածոտնի մարզպետն իրեն հրահանգել է զրուցել գյուղապետերի հետ, նրանց հրահանգավորել առաջիկա ընտրությունների ժամանակ աշխատել իշխանությունների օգտին, ոստիկանության գնդապետն ասաց` նման բան բացառված է։
«Բացարձակապես հնարավոր չէ։ Նման բան չի եղել և չի կարող լինել։ Մարզպետն ինձ չի կարող որևէ հրաման կամ ցուցում տալ»,- եզրափակեց Վահան Աղգաշյանը։



