Ո՞ւմ բաժին կհասնեն Ծառուկյանի քվեները

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրման արդյունքում  ստեղծվել է  միաբևեռ  քաղաքական դաշտ։ «Գործող նախագահի ընտրությունը առաջին փուլում մեծ հավանականություն ունի, որովհետև նրա դեմ լուրջ ընդդիմադիր քաղքական ուժ այսօր ներկա չէ՝ ոչ խարիզմայի առումով, ոչ կազմակերպչական, ոչ իշխանական, ոչ ֆինանսական լծակների առումով: Գագիկ Ծառուկյանը շանս ուներ իր ձայների 30 տոկոսին գումարել 15 տոկոս: 45 տոկոսը լուրջ քաղաքական քաշ է, ռեսուրս: Այդ նույն հնարավորությունը չունեն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ Ադիբեկյանի՝ նախնական տվյալներով՝ Գագիկ Ծառուկյանի քվեները կբաշխվեն հետևյալ կերպ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքում ձայների մի մասը կանցնեին նրան, մի մասը՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, մյուս մասը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, շատ քիչ մասը՝ ՀՅԴ թեկնածուին, գրեթե ոչինչ՝ ՀԱԿ-ին: «Նրա ընտրախավի 20 տոկոսը նախընտրում են միայն նրան, ու կարող է չգան ընտրության կամ էլ գան այլ առիթով: Ըստ նրա էլեկտորալ ընտրողների կառուցվածքի՝ նրա յուրաքանչյուր 3 ձայնից 2-ը կանցնի իշխանական թևին, մեկը՝ ընդդիմությանը»:

Ըստ Ադիբեկյանի, կարելի է զղջալ, որ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել նախագահական ընտրությունների պայքարից, քանի որ երկու հավասար ուժերի հայտնությունը քաղաքական դաշտում թեժացնում է մթնոլորտը, ստեղծում է մրցակցություն.

«Վերջապես ձևավորվեց կենտրոնամետ ուժ, որը հենվում է ընտրողների երկու թևերի վրա և´ իշխանամետ, և ընդդիմադիր: Բալանսը իհարկե 50-50-ի չէ, այլ  65-ը 35-ի: Կարևորը, որ ընդդիմությունը և իշխանությունը կրող էին այդ կենտրոնամետ ուժի հենքի վրա գալ երկխոսության, պայմանավորվածության և իրոք օրակարգը կարող էր ձևավորվել և նրանք հանդես գային որպես մեկ միասնական քաղաքական կամք հայ ժողովրդի այս անցումային շրջանի համար»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս