«Թող մի անգամ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ գա, մի քանի օր մնա, տեսնի՝ ինչ վիճակ է. ախուվախով անասունին տանում ենք արոտ..․»․ Սոթքի բնակիչ

«Շատ ահավոր վիճակ է, ժողովուրդը ահավոր վիճակի մեջ է հայտնվել»,- 168.am-ի հետ զրույցում անհանգիստ ասաց Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում ադրբեջանցիների առաջ գալուն և դիրքավորմանը։

«Չենք կարողանալու գնանք խոտը քաղենք, չենք կարողանալու անասունները պահենք, ամեն մի վայրկյանը վախենում է ժողովուրդը, ամեն մի վայրկյանը։ Իրենք (ադրբեջանցիները) հեն են, էլի սարի վրա պալատկեքը խփած նույն տեղերում, զորքերով, ոչ մեկը չի մտածում էս մասին, ոչ մի պաշտոնյա չի մտածում․․․»։

Հարցին, բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը մասյիսի 27-ին, երբ 6 զինծառայող գերեվարվեցին, այցելել էր Կութ գյուղ, այդ ժամանակ տեղի բնակիչներն ինչո՞ւ հարցեր չտվեցին, չկիսվեցին իրենց մտահոգություններով, Արմենը պատասխանեց․

«Չեն թողել մոտենալ, չեն թողել, չեն թողել։ Չեն թողել, որ մոտիկ գնան, մարդիկ են եղել, որ ուզել են մոտենան Փաշինյանին, հարց տան, բայց անվտանգության աշխատակիցները չեն թողել։ Մի 2-3 հոգի մարդ են թողել, իրենք են հարց տվել, դա է եղել։ Կամ, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, այդ սարերը մեր ինչի՞ն են պետք, ձյուն է վրան, ո՞նց թե ինչին է պետք, բա որ թշնամին ամեն մի վայրկյան իջավ մեր գյուղի մեջ, մտավ երեխա գողացավ․․․ Ամեն մի րոպե մենք վախենում ենք այս պայմաններից, շատ ենք վախենում, չգիտենք, թե վերջում ոնց է լինելու։ Իրենք վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է լինելու, խուճապի չմատնվենք, բայց ո՞նց չմատնվենք խուճապի»։

Արմեն Մարտիրոսյանը դիմելով իշխանության բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք վստահեցնում են, թե Գեղարքունիքում իրավիճակը հանգիստ է, հրավիրում է իրենց գյուղ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին․

«Թող մի անգամ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ գա, մի քանի օր մնա, տեսնի՝ ինչ վիճակ է, թողի գնա։ Թող իրանց անձնակազմի հետ գան, մի շաբաթ մնան, տենամ կմնա՞ն, չե՛ն մնա, ոչ մի պաշտոնյա էլ չի՛ գա  մնա, խի՞ պետք է մնան, նրանք գալիս են ու վռազ գնում։ Իրանց ասելիքն ասում են՝ արխային, լրիվ լավ ա լինելու, խուճապի չմատնվեք, ու թողում գնում են»։

Արմենը հաշմանդամության խնդիր ունի, երկու ոտքերրն անդամահատել են, նրան վրդովվեցրել է հատկապես Նիկոլ Փաշինյանի մայիսի 27-ին կատարած այցը Կութ գյուղ, երբ ճանապարհին Փաշինյանի ավտոշարասյունն իր կողքով է անցել ու իրեն տեսնելով անվասայլակի վրա՝ չեն էլ կանգնել․

«Ճանապարհին էի, թող մի հատ կայնեին, հարցնեին, ասեին՝ հաշմանդամ տղա ես, վախ-մախ, ի՞նչ հարց ունեք, ի՞նչ  կարանք անենք, մարդ ենք, մի բան էլ մենք կասեինք մեր կողմից»։

Արմենն ամուսնացած է, ունի 2 երեխա։ Տղան 15 տարեկան է, և նա է իրենց անասուններով զբաղվում, արոտ տանելը հերթով է, ամսվա ընթացքում 1 օր տղայի հերթն է․

«Ախուվախով տանում են, մեծ էլ լինի, փոքր էլ լինի, էլի վախենում ես, խոսքի՝ զենքով իջավ առաջդ, ի՞նչ պիտի անես, ոչ մի բան։ Մեր ապրուստն էդ երկու անասունն է, ուրիշ եկամուտ չունենք․․․»։

Տեսանյութեր

Լրահոս