Բաժիններ՝

«Այսօր ժամը 6-ին լրացավ որդուս առևանգման 10 տարին»․ Արա Խաչատրյանի մայրը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է պահանջում

«Այսօր ժամը 18։00-ին լրացավ որդուս առևանգման 10 տարին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կապանի բնակիչ Էմմա Կարապետյանը՝ հիշեցնելով, որ որդին՝ Արա Խաչատրյանը, որն արդեն 39 տարեկան է, 2011 թվականին (29 տարեկանում) ընկերների կանչով տնից դուրս է եկել ու մինչ օրս չի վերադարձել։

Կապանցի կինը 10 տարի թակել է բոլոր իշխանությունների դռները, խոստացել են, որ կգտնեն որդուն, սակայն մինչ օրս որևէ լուր չկա։ Տիկին Էմման ասաց, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ: Նորանշանակ վարչապետն այն ժամանակ խոստացել է՝  ամեն ինչ կանեն, որպեսզի որդուն գտնեն, սակայն նա էլ  խոստումը չի կատարել․

«Շատ ցավալի է, գիտեք, թե ինչքան եմ եկել կառավարության շենք, նախկիններն էլ խաբեցին, նույնն  էլ Նիկոլը խաբեց։ Հիմա ուզում եմ հանդիպել Փաշինյան Նիկոլին, ես գիտեմ, թե ով է կանգնած սրա հետևը, ես չեմ ուզում լրատվական միջոցներով բարձրաձայնեմ, իրա ՔՊ-ից բարձր պաշոտնյա է կանգնած, որ խանգարել է իմ տղայի գործի վերաբերյալ բացահայտումը․․․ Որ իմանամ՝ ուղարկել եմ բանակ կամ պատերազմի, անհայտ կորած է, այդքան ցավ չեմ զգա, հասկացեք ինձ, բայց խաղաղ պայմաններում, օրը ցերեկով, իմ աչքի առաջ տանեն ու գրեն՝ անհայտ կորա՞ծ։ Սա ցավ է, անբուժելի ցավ, որ իմանամ՝ պատերազմ եմ ուղարկել, կարող է մի տեղ հանգստանամ, սենց ապրելս անիմաստ եմ համարում․․․»։

Տիկնոջ խոսքով՝ որդու առևանգումը կազմակերպել են հենց որդու ընկերները ու գործը կարողացել են գումարի դիմաց փակել․

«Այդ տղաները հիմա Մոսկվայում իրենց համար ազատ ման են գալիս, ես էլ ստեղ մղկտում եմ։ Գ․Գ․-ն, Ա․Մ․-ն, Վ․Հ․-ն և Ա․Հ․-ն են կազմակերպել որդուս առևանգումը․․․ Ես խնդրում եմ, թող Նիկոլ Փաշինյանն ինձ հետ հանդիպի, ես ասեմ, թե ով է իմ տղայի գործի հետևում կանգնած, ինքն էլ՝ ՔՊ-ական»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս