2012թ. բեկում չմտցրեց նաև քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճման հարցում. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»

«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» հայտարարություն է տարածել՝ նվիրված Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան.

«Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Ողջ աշխարհում այդ երևույթի դեմ պայքարող անձանց և կազմակերպությունների համար այդ օրը ոչ միայն առիթ է բարձրաձայնելու իրենց երկրներում  գրանցված ձեռքբերումների և կորուստների, այլև` մտորելու ապագա անելիքների և մարտահրավերների մասին:

Այդ առումով,  բավականին ուսանելի էր 2012 թվականը: Հաջորդելով  2011թ.-ի բուռն իրադարձություններին, ինչպիսիք էին արաբական գարունը, «Գրավիր» շարժումները, եվրագոտու ճգնաժամը և այլն, այն ծնեց լավատեսական տրամադրություններ, որ այդ շարժումների թիրախ դարձած իշխանությունները, իսկ որոշ դեպքերում` նախորդ իշխանությունների տապալման արդյունքում իշխանության եկած նոր քաղաքական ուժերը համապատասխան դասեր կքաղեն և վճռական պայքար կմղեն այլևս անտանելի դարձած  մի շարք բացասական երևույթների, այդ թվում` կոռուպցիայի դեմ: Սակայն, երբ իրավիճակը հանդարտվեց, պարզ դարձավ, որ և’ բողոքի ալիքը մի կերպ դիմագրաված` հին, և’ այդ ալիքի արդյունքում եկած նոր իշխողները պատրաստ չեն իրականացնել արմատական բարեփոխումներ:

Հեղինակավոր տարբեր միջազգային կազմակերպությունների, այդ թվում և Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն շարժման, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կոռուպցիայի և իշխանության չարաշահման մակարդակները աշխարհի երկրների մեծ մասում շարունակում են մնալ բարձր: Մասնավորապես, ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2012թ. դասակարգման  աղյուսակում ընդգրկված 176 երկրների ավելի քան երկու երրորդի ցուցանիշը  0-ից 100 սանդղակով 50-ից ցածր է:[1] Դա նշանակում է, որ կոռուպցիան այդ երկրների հանրային ոլորտում հանդիսանում է լուրջ հիմնախնդիր:

Ուստի  զարմանալի չէ, որ արաբական գարնան «ծիծեռնակներ» Եգիպտոսում և Թունիսում զանգվածները, խորապես հիասթափված լինելով նոր իշխանություններից, կրկին դուրս են եկել փողոց և  պահանջում են իշխանափոխություն, իսկ բողոքի և գործադուլների համատարած ալիքը շարունակում է ցնցել Իսպանիան, Իտալիան, Հունաստանը և եվրոգոտու այլ երկրները:

Այս  ֆոնի վրա Հայաստանի ԹԻ ԿԸՀ արժեքի համարյա անփոփոխ մնալը[2], իսկ երկրների շարքում իր գրաված տեղով նույնիսկ առաջընթաց գրանցելն,[3] առաջին հայացքից, թվում է ոչ վատ ցուցանիշ:

Եթե նաև հաշվի առնենք կոռուպցիայի դեմ պայքարում խոսքից գործի անցնելու վերաբերյալ իշխանությունների կողմից վերջին ամիսներին արված հավաստիացումները (մասնավորապես` ձուկը գլխից բռնելու, կոռուպցիայի նկատմամբ վիրահատական մոտեցում ցուցաբերելու հայտարարությունները և այլն) և առավել ակտիվացած հանդիպումները շահագրգիռ կողմերի հետ, կարելի է ենթադրել, որ իրավիճակը մեր երկրում կարող է նույնիսկ լավանալ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը վերապահումով է մոտենում ներկայիս զարգացումներին և ՀՀ իշխանությունների հրապարակային ելույթներին: Նախ, ԿԸՀ Հայաստանի 2012թ. ցուցանիշն ընդամենը 34 է, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Հայաստանին առնչվող գործարարները և փորձագետները շարունակում են ընկալել երկրի հանրային ոլորտը որպես վերին աստիճանի կոռումպացված ոլորտ:

Այսինքն, հարկ է  ոչ թե ոգևորվել, որ Հայաստանում կոռուպցիայի իրավիճակը մի փոքր ավելի լավ է քան հարևան Ադրբեջանում (27) կամ Իրանում (28), այլ` շատ ավելի վատ քան մյուս հարևաններ Թուրքիայում (49) կամ Վրաստանում (52):

Բացի այդ, 2012թ.-ին շարունակել են նույն ուժգնությամբ դրսևորվել ԹԻՀԿ կողմից բազմիցս մատնանշված` կոռուպցիայի խորքային պատճառները:

Տնտեսությունն ու քաղաքականությունը մնում են մոնոպոլիզացված: Մասնավորապես, քաղաքական ոլորտի մոնոպոլիզացիայի հետևանք էին անցած տարվա խորհրդարանական և տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ տեղ գտած քաղաքական կոռուպցիայի այնպիսի երևույթներ, ինչպիսիք էին ընտրակաշառքի համատարած բաժանումն ու վարչական ռեսուրսի չարաշահումը՝ իրենց տարբեր դրսևորումներով:

2012թ. բեկում չմտցրեց նաև կոռուպցիայի մեկ այլ խորքային պատճառի` քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճման հարցում: Հայաստանում շարունակում են պատկառելի թիվ կազմել գործարարությամբ զբաղվող պատգամավորները, ինչպես նաև` գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները:

Այս տարի հանրությունն ականատես եղավ մի շարք նոր անարդար և քաղաքականորեն մոտիվացված դատավճիռների: Դրա հիմնական պատճառը դատական իշխանության ոչ անկախ լինելու հանգամանքն է, ինչն անխուսափելի է դարձնում  տվյալ համակարգի կոռումպացված լինելը, ուստի և զարմանալի չէ, որ այդ իրողությունը շարունակում է արտացոլվել հանրության ընկալումներում:

Չնայած կոռուպցիայի դեմ պայքար ազդարարող մի քանի դեպքերի, ընդհանուր առմամբ շարունակվում է իրավապահ մարմինների անգործությունը մեղավորներին բացահայտելու և պատժելու գործում: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներգրավումը բացահայտող տեղեկությունները ակնհայտորեն անտեսվում են` նշանավորելով նրանց անպատժելիությունը:

Անցած տարվա առավել հիասթափեցնող բացահայտումը հասարակության շրջանում կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողականության խորացումն էր և դրա արատավոր շղթայում ներգրավվելու պատրաստակամությունը, ինչն առավել ցայտուն դրսևորվեց  անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Առանց կոռուպցիայի դեմ իրական և վճռական պայքարի և այդ պայքարում Հայաստանի հասարակության ակտիվ ներգրավման հնարավոր չէ հաղթահարել երկրում լայն տարածում գտած աղքատությունը և անպատժելիության մթնոլորտը, որոնք հանգեցնում են մարդու իրավունքների ոտնահարումների, խորացնում համատարած ապատիան և խթանում արտագաղթը: Կոռուպցիայի դեմ պայքարի հուսադրող սկիզբ կարող է հանդիսանալ 2013 թվականի նախագահական ընտրությունների պատշաճ անցկացումը` ապահովելով վարչական ռեսուրսի չարաշահումներից և անօրինականություններից  զերծ ազնիվ ընտրություններ: Այս համատեքստում լավագույն վիրահատական միջոցառում կարող է լինել գալիք նախագահական ընտրություններում ընտրացուցակների մաքրումը երկրից բացակայող ընտրողներից, ինչպես նաև ստորագրված ցուցակների հրապարակայնացումը ընտրություններից հետո»:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ

Տեսանյութեր

Լրահոս