Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է Դաշնակցության նախաձեռնությունը

«Դե յուրե սահմանադրական, իրավական, քաղաքացիական և ազգային պետություն ունենալու ճանապարհին Դաշնակցության այս նախաձեռնությունը ես համարում եմ բեկումնային և խոստումնալից»,- նախագահական ընտրություններին ընդառաջ ընդդիմության միասնական օրակարգ ստեղծելու հարցերի շուրջ ՀՅԴ-ի կողմից հրավիրված հրապարակային քննարկմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես, որպես մեկնարկային փաստաթուղթ, ընդհանուր հայտարար, ամբողջովին ընդունում եմ այս 7 կետերը: Իհարկե, ժամանակի ընթացքում այդ կետերը պետք է բացվեն, և նախագահության յուրաքանչյուր թեկնածու, և որ ավելի կարևոր է, խորհրդարանական ապագա հանրապետության համար վարչապետի թեկնածուն պետք է չափվի այս 7 կետերի համապատասխան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նշենք, որ քննարկմանը, բացի ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամներ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Արսեն Համբարձումյանի և այլ դաշնակցականների, ներկա էին նաև մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` Հայ ազգային կոնգրեսից, Տիգրան Ուրիխանյանը և Վահե Էնֆիաջյանը` «Բարգավաճ Հայաստանից», Արմեն Մարտիրոսյանը` «Ժառանգությունից», ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Տեսանյութեր

Լրահոս