Շիրակի մարզում կատարված հայտնի բանկոմատների գործը բացահայտվել է
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ոստիկանության քրեական հետախուզության Գլխավոր վարչության նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններով բացահայտել են մեծ հնչեղություն ստացած Շիրակի մարզում օրերս կատարված բանկոմատների հայտնի գողության դեպքերը:
Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ նույն վարչության Արագ ահակազդման բաժնի տղաների, ինչպես նաև՝ Ոստիկանության Շիրակի և Տավուշի մարզային վարչությունների և նրանց ստորաբաժանումների հետ քիչ առաջ Ախուրյանի ոստիկանության բաժնից հանցագործության վայր բերեցին կատարողներից մեկին, որը մատնացույց արեց Ախուրյանի այն բանկոմատը, որտեղից բանկոմատը վնասելու միջոցով հափշտակել էին 1 մլն 885 հազար դրամ:
Այս պահին քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչները Գյումրիից ուղևորվում են դեպի Լոռու մարզ, քանի որ հանցագործությունը կատարելուց հետո երեք հանցագործները բանկոմատը «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Տավուշի մարզ և գցել գետը:
Նրանք օպերատիվ քննչական խմբին մատնացույց են անելու գետի այն հատվածը, որտեղից վերամբարձ կռունկի օգնությամբ պետք է դուրս բերվի բանկոմատ սարքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գագիկ Շամշյանը, նոյեմբեր 26-ին, ժամը 11:40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Արագածի փողոցի 2-րդ թաղամասի բնակիչ, 44-ամյա Վլադիմիր Եղիազարյանը դիմել էր Ոստիկանության Ախուրյանի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 23-ի ժամը 18-ից նոյեմբերի 26-ի ժամը 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիակական միջոցների գործադրմամբ, Ախուրյան գյուղի Գյումրի խճուղի 6 հասցեում գործող «Արդշինինվեստբանկ» Փակ բաժնետիրական ընկերության սենյակի մուտքի դուռը բացելու, այնուհետև բանկոմատը վնասելու միջոցով հափշտակել էին 1 մլն 885 հազար դրամ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ: Ձեռնարկվել էին օպերատիվ քննչական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հանցագործությունը բացահայտելու համար աշխատանքները կոորդինացվում են մի քանի խմբերով, որոնք ղեկավարում են Ոստիկանության ՔՀԲ-ի պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանը և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խոդոյանը:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն դիմած Վլ. Եղազարյանը աշխատում է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ախուրյանի մասնաճյուղում որպես կառավարիչ:
Նույն օրը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 10:00-ին Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն էր դիմել նաև Գյումրի քաղաքի Անի թաղամասի Շահինյան փողոցի բնակիչ, 43-ամյա Տիգրան Գևորգյանը և հայտնել, որ նախորդ օրը գիշերը անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ, «Արարատբանկ» Բաց բաժնետիրական ընկերության Գյումրիի մասնաճյուղին պատկանող Ռիժկովի փողոցի 1 հասցեում գործող բանկոմատի սենյակի դուռը բացելու միջոցով, այնուհետև բանկոմատը վնասելու եղանակով, հափշտակել էին 29 մլն ՀՀ դրամ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին մեկնել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Կարեն Բաբակեխյանի, Ոստիկանության Գյումրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Գյումրիի բաժնի պետ Վահագն Դանիելյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվել էին օպերատիվ քննչական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու համար:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ ոստիկանություն դիմած Տ. Գևորգյանը աշխատում է «Արարատբանկ» Գյումրիի ԲԲԸ մասնաճյուղում որպես կառավարիչ: