ԱԺ-ն մերժեց ՀԱԿ-ին

Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին մերժեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության հարցապնդման առնչությամբ ներկայացված «ՀՀ-ում տնտեսական մրցակցության պաշտպանության և հակամենաշնորհային քաղաքականության գործողությունների ծրագիր մշակելու մասին» որոշման նախագիծը: Որոշման ընդունմանը կողմ քվեարկեցին 36, դեմ` 61 պատգամավորներ:

Դեմ էր քաղաքական կոալիցիան: Վերջինի մաս կազմող «Օրինաց երկիր» խմբակցության անունից Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ մանրամասն ուսումնասիրել են որոշման նախագիծը. «Այս նախագծի դրույթները որոշ տեսանկյունից ներառված են նաև այս տարի կոալիցիոն կառավարության կողմից ընդունված ռազմավարական ծրագրի մեջ և կոնկրետ սուպերմարկետների մասին ու մի շարք դրույթներով համահունչ են նաև մեր քաղաքական ուժի այն սկզբունքային առաջադրումներին, որոնք ներկայացրել ենք»: Սակայն նա նշեց, որ այս տեսքով նախագիծն ընդունելի չէ, քանի որ կան դրույթներ, որոնց կապակցությամբ նախօրեին իր անհամաձայնությունն է հայտնել նաև կառավարության ներկայացուցիչը:

ՀԱԿ որոշման նախագծով, մասնավորապես, առաջարկվում էր կառավարությանը մինչև ԱԺ-ի հաջորդ նստաշրջանը մշակել և խորհրդարանի քննարկմանը ներկայացնել տնտեսական գործունեության ազատության ու ազատ տնտեսական մրցակցության ապահովման և ապօրինի մենաշնորհների վերացմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ծրագիր:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս