Բաժիններ՝

«Պապայությունը»՝ ըստ Samsung-ի

Հարավկորեական Samsung Electronics-ի ղեկավարի որդին՝ Ջեյ Լին, նշանակվել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ։ Այդ մասին գրում է MarketWatch-ը։

Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնն արդեն 25 տարի զբաղեցնում է Ջեյի հայրը՝ Լի Գոն Հին։

Ջեյ Լին ավելի վաղ զբաղեցնում էր գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնը։ Samsung-ը մտադիր չէ այդ պաշտոնի համար նոր թեկնածու ընտրել։ Նշվում է, որ Ջեյ Լիի պարտականությունները կմնան նույնը, պարզապես կբարձրանա նրա դերը՝ կարևոր որոշումների կայացման ժամանակ։

Ռոյթերզի աղբյուրների փոխանցմամբ, Ջեյ Լին անկասկած կդառնա իր հոր բիզնես-կայսրության ժառանգորդը։ Սակայն դրա համար նա պարտական է ոչ միայն արյունակցական կապին, այլև սեփական գիտելիքներին և ունակություններին։ Ըստ Ռոյթերզի, Ջեյ Լիի նշանակումը վկայում է այն մասին, որ նա դրսևորել է կառավարչական ունակություններ, որոնք, բնականաբար, չեն անտեսվել։

Samsung Group-ը հիմնադրվել է 1938 թվականին՝ Ջեյի պապի՝ Լի Բյոն Չհոլի կողմից։ 2011 թվականին Samsung Group-ի զուտ շահույթը կազմել է 18 միլիարդ դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս