Կրակել են բուքմեյքերական գործունեությամբ զբաղվող 41-ամյա տղամարդու վրա
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին են հայտնել, որ կրծքավանդակի և որովայնի մասում հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանոթյան Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ վիրավոր 41-ամյա Սամվել Սարգսյանը, հիվանդանոց է տեղափոխվել Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի 11 շենքի մոտից և ի վիճակի չէ կատարվածի մասին հայտնելու:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզում է, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, նշված շենքի 4-րդ մուտքի մոտ Ս. Սարգսյանը նկատել է իրեն մոտեցող 40-45 տարեկան անծանոթ տղամարդու: Ու քանի որ տղամարդու պահվածքը կասկած է հարուցել, նա փորձել է ճշտել վերջինիս ինքնությունը, ինչի ժամանակ էլ նրանց միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Արդեն քաշքշուկի ժամանակ Ս. Սարգսյանին է մոտեցել մեկ այլ անծանոթ և կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ:
Օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել է 6,5 մմ տրամաչափի փամփուշտի 3 պարկուճ, որոնք քննիչի կողմից առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (հանցափորձը, սպանությունը) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, իր տեղեկություններով, վնասվածքներ ստացած անձը զբաղվում է «Եվրոֆուտբոլի» մասնաճյուղերից մեկում բուքմեյքերական գործունեությամբ, ունի նաև ավտոլվացման կետ, ամուսնացած է, ունի երկու անչափահաս աղջիկ: