Ոստիկանության բաժնի քննիչները հայտնաբերել են գողացված «Ռենջ Ռովերը» (լուսանկարներ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 183 հոդվածի 1-ին մասի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը՝ առանց հափշտակելու նպատակի) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է դեկտեմբերի 2-ին, Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 1-ին շենքի բակից առևանգած «Ռենջ Ռովեր» մակնիշի 19 DR 999 համարանիշի ավտոմեքենայի փաստով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ օրը ավտոմեքենայի սեփականատեր Մարգարիտա Հակոբյանը դիմել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 20:30-21:00-ն ընկած ժամանակահատվածում, առևանգել են «Ռենջ Ռովեր» մակնիշի նշված համարանիշի ավտոմեքենան:
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնի և պարեկապահակային ծառայության աշխատակիցների կողմից Նորք Մարաշում գտնվող հեռուստաաշտարակի տարածքում հայտնաբերվել է նշված ավտոմեքենան՝ կիսաթալանված վիճակում: Ավտոմեքենայից տարել էին կողային հայելիները, «աբլիցովկան», այլ մասեր: Ավտոմեքենան վարում է Մ. Հակոբյանի որդին՝ 26-ամյա Վարդգես Հակոբյանը:
Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Ազատ Դանիելյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հատուկ պահպանման տարածք: