Ծառուկյանը ժամանակ է ձգում Ռոբերտ Քոչարյանի՞ համար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իշխանական շրջանակներում քննարկվող խոսակցությունների համաձայն՝ նախագահ Սերժ Սարգսյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին  առաջարկ-պահանջ էր ներկայացրել, մինչև դեկտեմբերի 1-ը հստակեցնել իր դիրքորոշումը նախագահական ընտրություններում իր հնարավոր մասնակցության վերաբերյալ:

Ընդ որում, տվյալ դեպքում՝ խոսքն այն  մասին չէ, որ Սարգսյանը Ծառուկյանից պահանջել է՝ աջակցել իրեն, կամ չեզոքություն պահպանել: Ս. Սարգսյանը, ըստ մեր աղբյուրների, ընդամենը պահանջել է հայտարարել, թե ինչպե՞ս է ինքը պատրաստվում մասնակցել ընտրություններին: Սակայն Գագիկ Ծառուկյանը շարունակում է ժամանակ ձգել:

Գ. Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ Ծառուկյանն իր տեսակետը կհստակեցնի դեկտեմբերի 1-5-ը, բայց հիմա պարզ է, որ Ծառուկյանն առնվազն մինչև դեկտեմբերի 6-ը գտնվելու է Բրյուսելում, և այդ ժամկետը ևս չի պահպանվելու: Կարելի է չկասկածել, որ Ծառուկյանը Բրյուսել է մեկնել՝ զուտ ժամանակ շահելու նկատառումներից ելնելով, և նույնիսկ Բրյուսելից վերադառնալուց հետո նա հստակություն չի մտցնի այս հարցում:

Ինչո՞ւ  Ծառուկյանը չի հստակեցնում նախագահական ընտրություններին իր մասնակցության հետ կապված հարցը և դրանով հակամարտության մեջ է մտնում նախագահ Սարգսյանի հետ: Իհարկե Ծառուկյանի` ժամանակ ձգելու մարտավարության տարատեսակ մեկնաբանություններ կան, որոնք արդեն հնչել են մամուլում: Բայց կա նաև այլ հնարավոր տարբերակ, ըստ որի՝ Ծառուկյանին հանձնարարված է հնարավորինս ժամանակ ձգել, ձգել այնքան, որքան հնարավոր է, գուցե՝ մինչև առաջադրման վերջին օրը: Իսկ այդ օրը նախագահի թեկնածու կառաջադրվի ոչ թե Գագիկ Ծառուկյանը, այլ ԲՀԿ-ի իրական հիմնադիր և ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, ով էլ Ծառուկյանի ժամանակ ձգելու սցենարի հեղինակն է:

Երկրորդ նախագահը գուցե ուզում է, որ իր առաջադրումը լինի հնարավորինս անակնկալ և խուճապ առաջացնի: Ռոբերտ Քոչարյանը մի առիթով ասել է, որ իշխանություն վերցնելը որսի պես մի բան է, պետք է դարանակալել և սպասել, իսկ հարձակվել արագ և հանկարծակի, որսին հնարավորություն չտալով ուշքի գալ և պաշտպանվել: Տեսակետ կա նաև, որ հենց Ռոբերտ Քոչարյանի առաջադրումով է Ռուսաստանը պատասխանելու նախագահ Սերժ Սարգսյանի՝ եվրոպական ինտեգրացիայի ձգտումներին:

Տեսանյութեր

Լրահոս