Պետբյուջեի եկամուտներն աճել են 9.1%-ով կամ 63 մլրդ դրամով
2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 752.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 751.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 80.9%-ով և 76.9%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների` սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 20.9 մլրդ դրամ կամ նախատեսված տարեկան մուտքերի 88.5%-ը, իսկ ծախսերը` 16.4 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 62.5%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են 731.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 734.7 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ծրագրի համապատասխանաբար 80.7% և 77.3% կատարողական:
ՀՀ պետական բյուջեի եկամուտները
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.1%-ով կամ շուրջ 63 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.2%-ը` այլ եկամուտների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 708.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են տարեկան ծրագրի 80.8% կատարողական: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 10.4% ով կամ 66.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի, ակցիզային հարկի և մաքսատուրքի գծով ստացված մուտքերի աճով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են շուրջ 603.7 մլրդ դրամ, որի 49.6%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 299.5 մլրդ դրամ և 10.8%-ով կամ 29.2 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 191.4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 108 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ ԱԱՀ-ի մուտքերի աճն ապահովվել է և´ ներմուծման, և´ ներքին շրջանառության աճի հաշվին:
Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 6.3%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 38.1 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 25.8 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 12.3 մլրդ դրամ: Ընդ որում, տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 28.1%-ով, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերը` 18.6%-ով. արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 21.5%-ով կամ 6.7 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 15.8% ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 95.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 13.8%-ով կամ 11.5 մլրդ դրամով:
2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 73.3 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.1%-ը և 10.9%-ով կամ 7.2 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 36 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 6% ը և 20.9%-ով (6.2 մլրդ դրամով) գերազանցել 2011 թվականի համապատասխան ցուցանիշը:
2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել 19.2 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով տարեկան ծրագրի 91%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 7.2% ով կամ 1.3 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 12.8 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 2.1%-ը: Նշված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 26.4%-ով (4.6 մլրդ դրամով)` պայմանավորված հաստատագրված վճարներով հարկվող գործունեության մի շարք տեսակներ հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով:
2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 19.8 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 3.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 90.2%-ով (9.4 մլրդ դրամով)` հիմնականում պայմանավորված «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև զուգահեռաբար «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն հանքարդյունահանողների կողմից նախկինում պետական բյուջե վճարվող բոնուսի, կոնցեսիոն վճարի, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների արդյունահանման համար վճարվող բնօգտագործման վճարների և ռոյալթիների փոխարեն սահմանվել են ռոյալթիներ` որպես բնօգտագործման վճարներ: Հաշվետու ժամանակահատվածում այս աղբյուրից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 10.8 մլրդ դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 9.8 մլրդ դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի և տուրքերի 1.6%-ը: Մասնավորապես` 4.7 մլրդ դրամ են կազմել արտոնագրային վճարները, 2.8 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 328.7 մլն դրամ` կոնցեսիոն վճարը, 344 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 386.9 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները և 1.5 մլրդ դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ այլ հարկերը նվազել են 26.1% ով կամ 3.5 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված վերոհիշյալ օրենսդրական փոփոխություններով, որոնց արդյունքում հանքարդյունահանողների կողմից նախկինում վճարվող և այլ հարկային եկամուտներում հաշվառվող բոնուսի, կոնցեսիոն վճարի և ռոյալթիների փոխարեն սահմանված ռոյալթիները հաշվառվում են որպես բնօգտագործման վճարներ:
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների եկամուտները կազմել են շուրջ 105.3 մլրդ դրամ: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերի աճը կազմել է 2.9% կամ շուրջ 3 մլրդ դրամ:
2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 4.5 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրով նախատեսվածի 36.3%-ը: Նշված գումարից 615.9 մլն դրամը ստացվել է ՀՀ տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում, որն ուղղվել է տոհմային երինջների ձեռքբերմանը: 2.1 մլրդ դրամ է մուտքագրվել Հայ-գերմանական ֆինանսական համագործակցության «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրի» շրջանակներում, որը տարեկան ծրագրում նախատեսված չէ: Ավելի քան 1.7 մլրդ դրամ է մուտքագրվել պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին` կազմելով տարեկան ծրագրով նախատեսվածի 75.7%-ը, առանց որի պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմում է 27.3%: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ստացված դրամաշնորհները նվազել են 64.2%-ով կամ շուրջ 8 մլրդ դրամով:
2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են շուրջ 39.3 մլրդ դրամ` 96.3%-ով ապահովելով տարեկան ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից ավելի քան 17.7 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները, որոնց ծրագիրը կատարվել է 89.7%-ով: Առանց արտաբյուջետային միջոցների այլ եկամուտների հունվար-հոկտեմբերի փաստացի ցուցանիշի գծով արձանագրվել է տարեկան ծրագրի 102.4% կատարողական:
Այլ եկամուտների ծրագրի կատարողականը հիմնականում ապահովվել է բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինների և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերի հաշվին, որոնք գերազանցել են տարեկան ծրագրային ցուցանիշները համապատասխանաբար 360.1, 6.6 և 69.2 տոկոսով` կազմելով 4.1 մլրդ դրամ, 925.7 մլն դրամ և 297.8 մլն դրամ:
Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտները կազմել են 480.4 մլն դրամ` կազմելով տարեկան ծրագրով կանխատեսված ցուցանիշի 65.3% ը, իսկ պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 4.5 մլրդ դրամ` կազմելով տարեկան ծրագրային ցուցանիշի 85.8%-ը և 19.7%-ով գերազանցելով 2011 թվականի նույն ժամանակահատվածի փաստացի ցուցանիշը:
Տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ ՀՀ համայնքների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներից պետական բյուջե է մուտքագրվել 358.6 մլն դրամ` 4%-ով գերազանցելով տարեկան ծրագրային ցուցանիշը:
Հաշվետու ժամանակահատվածում ավելի քան 6.7 մլրդ դրամ է մուտքագրվել իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից` կազմելով տարեկան ծրագրով կանխատեսված ցուցանիշի 90.4%-ը և 37.1%-ով կամ 1.8 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների գծով մուտքագրվել է 21.9 մլրդ դրամ` կազմելով տարեկան ծրագրով կանխատեսված ցուցանիշի 87.3%-ը` 11.9%-ով կամ 2.3 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 12.8% ով կամ 4.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների, իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի և պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց ստացված մուտքերի աճով: