Եվ թող տեսնեն իմ աչքերի մեջ ծախվածի…

Երեկ ԱԺ ՀԱԿ (Հայ ազգային կոնգրես) խմբակցությունը համաձայնություն է ձեռք բերել ՀՀԿ խմբակցության հետ` 2008 թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ ներկայացրած որոշման նախագիծը նախագահական ընտրություններից հետո քննարկելու հարցում:

Համաձայնությունը կայացել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում ազատազրկված նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Դավիթ Հարությունյանի միջև: Այս համաձայնությունն արդեն իսկ արժանացել է բազմաթիվ հակասական գնահատականների: ՀԱԿ քաղաքագիտական գործընկեր «Բարգավաճ Հայաստանն» (ԲՀԿ) արդեն իր տարակուսանքն է արտահայտել Գագիկ Ջհանգիրյանի քայլի վերաբերյալ: Ոմանք ՀԱԿ-ի երեկվա քայլը գնահատում են` որպես վերադարձ ՀՀԿ-ի հետ երկխոսությանը, որով ՀԱԿ-ը փորձում է ԲՀԿ-ի կցորդի դերը փոխարինել ՀՀԿ-ի կցորդի դերով:

Կա նաև հակառակ տեսակետը, ըստ որի, իրականում ՀԱԿ-ՀՀԿ համաձայնությունը ՀԱԿ-ի հերթական նվերն է ԲՀԿ-ին, որի համար կարող էր ձեռնտու չլինել ընտրություններից առաջ Մարտի 1-ի թեմայի քննարկումը: Անկախ նրանից, թե այս վարկածներից ո՞րն է համապատասխանում իրականությանը, անկախ նրանից՝ ի՞նչ մղումներով ՀԱԿ-ը նախաձեռնեց այս հանձնաժողովի ստեղծումը, ապա համաձայնեց վիժեցնել դա` հերթական անգամ ապացուցվում է, որ ՀԱԿ-ը քաղաքական որևէ ճղճիմ նպատակի հասնելու համար «վաճառքի է հանում» Մարտի 1-ի թեման, Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակի հաշվին սակարկություններ է անում մեկ` ԲՀԿ-ի, մեկ` ՀՀԿ-ի, երբեմն` երկուսի հետ միաժամանակ:

Իշխանությունը ՀԱԿ-ին առաջարկում է այդ հանձնաժողովի ստեղծումը հետաձգել` դա հիմնավորելով ազնիվ մղումով, այն է՝ չի ցանկանում Մարտի 1-ի հարցը դարձնել նախընտրական շահարկումների առարկա: ՀԱԿ-ն ընդունում է իշխանության այս առաջարկը, փաստորեն, խոստովանելով նաև, որ Կոնգրեսը ևս Մարտի 1-ի թեման օգտագործում է կամ կարող է օգտագործել քաղաքական շահարկումների նպատակով: Որքան էլ տհաճ ու հակամարդկային հնչի, Մարտի 1-ն իսկապես Կոնգրեսի համար դարձել է ներքաղաքական առևտրում օգտագործվող «խաղաքարտ»:

Սկզբում ՀԱԿ-ը երկխոսում էր Մարտի 1-ի արդյունքում իշխանության եկած ուժերի` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ, հետո սկսեց երկխոսել դրանցից միայն ԲՀԿ-ի հետ, ում ժամանակին մեղադրում էր Մարտի 1-ի սպանություններին մեղսակից լինելու մեջ: Ու արդեն կարևոր չէ` ՀԱԿ-ը Մարտի 1-ի թեմայով համաձայնության է գալիս ՀՀԿ-ի հետ` ընդդեմ ԲՀԿ-ի՞, թե՞ հակառակը: Կարևորն այն է, որ ՀԱԿ-ը վաղուց անցել է քաղաքական և բարոյական այն սահմանագիծը, որն անցնելով` 2008 թվականին իշխանությունը հրամայեց կրակել ժողովրդի վրա:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս