«Այստեղ աշխատում էին 600 օդաչուներ, ովքեր այժմ թողել-գնացել են, Աֆրիկայում են թռնում, և այսպիսի դժբախտություն է եղել»
«Ինչպես Կատոնն էր հին Հռոմում ասում` Կարթագենը պետք է վերացվի, ես էլ Կատոնի պես ասելու եմ` հայկական ավիաուղիները պետք է վերականգվեն, այսինքն` «Արմավիան» պետք է ոչնչացվի, և պետք է վերականգնվեն հայկական ավիաուղիները»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Հայաստանի քաղավիացիայի ներկայիս վիճակի մասին, ասաց ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:
««Արմավիան»` որպես այդպիսին, արհեստական ստեղծված կազմակերպություն է, յուրացրել է հայկական ավիաուղիների շուկան, որի ստեղծման համար ժամանակին միլիարդներ են ծախսվել»,- ասաց նա:
Շ.Պետրոսյանի խոսքով՝ իրենց ջանքերով 1995թ. ապրիլի 22-ին Թուրքիայի հետ միջգերատեսչական պայմանագրի շնորհիվ բացվեց Թուրքիայի հետ օդային սահմանը, որից հայկական ավիաուղիները սկսեցին ստանալ10 մլն դոլարի եկամուտ:
«Այս ամեն ինչը հենց այնպես չի արվել, և արվել է հայկական ավիաուղիների ֆինանսների շնորհիվ: Եվ հիմա, երբ «Արմավիան» պարզապես յուրացրել է այս շուկան, ավելի ճիշտ իրեն նվիրել են…: Ինչո՞ւ: Հայկական ավիաուղիներն ուներ իր սեփական օդային պարկը, իր տեխնիկական բազան, ուներ իր բորտ-սնունդը: Այս ամենը խլեցին և տվեցին օդանավակայանին կամ տարբեր անձանց: Օրինակ` բորտ-սնունդը տվեցին Գագիկ Ծառուկյանին, ինչո՞ւ: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանն արհեստականորեն բանկրոտի ենթարկեց հայկական ավիաուղիներին և իրենով անի: Ո՞վ է Միխայիլ Բաղդասարովը, կարո՞ղ եք ասել, ճանաչո՞ւմ եք: Ես թեթևակի իր մասին լսել եմ, որովհետև ինքն ինձ համար նավթ էր մատակարարում»,- ասաց ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետը:
Շահեն Պետրոսյանը գտնում է, որ խնդրի լուծման համար նախևառաջ հայկական ավիաուղիները պետք է ժամանակավոր պետականացվի, և ստեղծվի պետական հանձնաժողով` պարզելու, թե ինչպե՞ս է տրվել «Արմավիայի» լիցենզիան. «Հայկական ավիաուղիները բրենդ էր, բոլորը գիտեին դրա մասին, եվրոպական ավիաընկերությունների մեջ լավագույն տասնյակի մեջ էր մտնում, իսկ հիմա դու այն դարձնում ես բանկրո՞ տ»,- նշեց Շահեն Պետրոսյանը:
Անդարդառնալով Կոնգոյում վթարի ենթարկված ԻԼ-76 ինքնաթիռի մասին է, որում եղել են հայ օդաչուներ, Շահեն Պետրոսյանն ասաց.
«Մեր օդաչուները, որ անգործ են մնացել, գնացել են այստեղ-այնտեղ պայմանագրային օդաչու են աշխատում: Այստեղ աշխատում էին 600 օդաչուներ, ովքեր այժմ թողել-գնացել են, Աֆրիկայում են թռնում, և այսպիսի դժբախտություն է եղել»,- ասաց նա: Շ.Պետրոսյանը հիշեցրեց, որ նմանատիպ դեպքեր եղել են նախկինում, երբ Իրանում վթարի ենթարկվեց հայկական օդանավը, Գվինեայում ձերբակալվեցին հայ օդաչուները: Նա նաև հիշեց Սոչիում վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի մասին` նշելով, որ «այս ամենի համար «Արմավիայից» ոչ ոք մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել»:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը` դեկտեմբերի 1-ին, Կոնգոյում վթարի ենթարկվեց հայկական «Ռիջ Էյրվեյզ» ընկերության ԻԼ-76 ինքնաթիռը, որն իրականցնում էր տեղական «Աէրոսերվիս» ընկերության բեռների տեղափոխումը: Վթարի արդյունքում զոհվեցին անձնակազմի բոլոր անդամները, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ էին: