Նիկոլյան Հայաստանն ունի և ունենալու է զրո հնարավորություն․ սա մեր այսօրվա ողբերգությունն է․ Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։
Հարավային Կովկասը հերթական անգամ վերածվել է աշխարհաքաղաքական մարտերի ասպարեզի: Դրան նպաստում են իրադարձությունները, որոնք զուգահեռաբար զարգանում են երեք հարթություններում: Առաջինը տեղական հարթությունն է. դա երրորդ Արցախյան պատերազմն է և դրանից հետո ստեղծված իրավիճակը: Երկրորդն ընդլայնված տարածաշրջանային մակարդակն է, որը ներառում է Արևելյան Միջերկրականից մինչև Մերձավոր Արևելք ընկած տարածքն՝ իր դերակատարներով, շահերով և բախումներով: Եվ երրորդը համաշխարհայինն է. այս հարթությունը ՌԴ-ԱՄՆ (կամ Արևմուտք-Ռուսաստան) սրված լարվածության հարթությունն է: Կրակին յուղ են լցնում ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների յուրահատկությունները, և դրանց զարգացման հետ կապված սպասումները:
Նման իրավիճակները պարունակում են ինչպես մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ յուրաքանչյուր երկրի համար՝ կախված նրա չափերից, նշանակությունից և այլն: Սակայն այստեղ կա մեկ կարևոր «բայց»: Որպեսզի ի հայտ գան ինչ-որ հնարավորություններ և դրանցից արդյունավետորեն օգտվելու շանսեր, պետք է անհրաժեշտ պայմաններ լինեն. երկիրը պետք է կանխատեսելի և հասկանալի գործընկեր լինի, պետք է ազնիվ և վստահելի հարաբերություններ ունենա դաշնակիցների հետ, պետք է ունենա սկզբունքներ և արժեքներ: Եվ, անկասկած, երկրում պետք է լինի իշխանություն, որն ունակ է ապահովելու վերոնշյալը, որը կունենա իրական և ոչ թե ձևական լեգիտիմություն և սուբյեկտայնություն, որպեսզի կարողանա կյանքի կոչել իր պետության առաջնահերթությունները: Եվ վերջիվերջո այդ իշխանությունը պետք է հարգված լինի ինչպես երկրից դուրս, այնպես էլ երկրի ներսում: Վերը ասված ամեն ինչից պարզ է դառնում, որ նիկոլյան Հայաստանն ունի և ունենալու է զրո հնարավորություն, զրո գործիք հնարավորությունների իրացման համար և այնպիսի մարտահրավերների ներկապնակ, որոնք կարող են կասկածի տակ դնել մեր երկրի գոյությունը որպես այդպիսին: Սա մեր այսօրվա ողբերգությունն է:
Իրադարձությունների նման պատկերի պարագայում անգամ առաջին հայացքից դրական թվացող լուրերը խոր մտահոգության առիթ են տալիս: Դրա վառ ապացույցն են 10 օր առաջվա Բայդենի վարչակազմի ազդակները Հայոց ցեղասպանության թեմայով: Եվ այստեղ մի շարք հարցեր են ի հայտ գալիս: Կարևո՞ր է արդյոք մեզ համար Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից: Միանշանակ՝ այո՛: Կա՞ արդյոք վստահություն, որ ԱՄՆ-ում գործընթացն այդ ուղղությամբ է ընթանում: Ո՛չ: Կան ոչ այնքան որոշակի ուղերձներ, որոնք հնչեցնում են վարչակազմի ներկայացուցիչները: Ինչպիսի՞ն են այդ գործընթացի տեսանելի և քողարկված նպատակները և ինչպիսի՞ն պետք է լինեն մեր պատասխան քայլերը, և արդյո՞ք ունակ են Հայաստանի իշխանությունները պատասխանել հարցին, թե ինչու է ԱՄՆ ղեկավարը հենց հիմա սկսել արծարծել այս թեման: Պատասխանը նույնն է. միանշանակ ո՛չ:
Բայդենը խոստացել է աշխարհին «Ամերիկայի վերադարձը»: Պակաս չկա այնպիսի մարդկանց, որոնք «հրավիրում են» ԱՄՆ-ին, այդ թվում և մեր տարածաշրջան: Վտանգավոր են նրանք, որոնք հրավիրելով Ամերիկային՝ միայն անձնական շահ են հետապնդում: Էլ ավելի վտանգավոր են նրանք, ովքեր երկակի/եռակի խաղ են խաղում՝ ուժային կենտրոնների բախում հրահրելով: Պետք է արդյո՞ք այստեղ հատուկ նշել Նիկոլի անունը:
Իսկ Բայդե՞նը: Այն սուր մակարդակի պայմաններում, որով բնորոշվում են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները, Բայդենի համար այժմ կարևոր է կարճ թոկին վերադարձնել «անառակ որդուն»՝ Թուրքիային: Երկրորդ, ԱՄՆ նախագահի համար կարևոր է իր կողմը քաշել Ադրբեջանին՝ միևնույն ժամանակ աչք փակելով Ղարաբաղում սանձազերծված պատերազմին և այդ երկրի անթաքույց ագրեսիային (դրա համար բավական է կարդալ Բայդենի շնորհավորական ուղերձն Ալիևին Նովրուզի առթիվ): ԱՄՆ-ի համար կարևոր է ակտիվանալ Իրանի հետ հարևան տարածաշրջանում: Կարևոր է նվաճել հայերի համակրանքը, առաջին հերթին՝ ամերիկահայերի: Եվ Հայոց ցեղասպանության մասին՝ ոչինչ չպարտադրող այդ հիշեցումները կարող են լինել բոլոր վերոնշյալ նպատակներին հասնելու գործիքներից մեկը:
Որտե՞ղ է Հայաստանը բոլոր վերը թվարկված գործընթացներում: Ողջ աշխարհը եռում է, ամպեր են կուտակվել մեր ողջ տարածաշրջանի, մեր հայրենիքի գլխավերևում, իսկ մենք քննարկում ենք՝ թույլ տալ, թե չտալ հանցագործին Հայաստանում արտահերթ ընտրություններ կազմակերպել: Կատարվող ամեն ինչ հիշեցնում է մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Սակայն այս զուգահեռները թողնենք պատմաբաններին: