«Պատշաճ կարգով հայց դեռ չեմ ստացել». Հրանտ Բագրատյանը՝ Հայկ Չոբանյանի հայցի մասին

168.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսնակ Լիլիթ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր. «Մարզպետը պահանջում է դատարանից` պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ»:

Խոսնակը մեկնաբանություններում պարզաբանել էր, թե ինչու պետք է Հրանտ Բագրատյանը ներողություն խնդրի. «Ապատեղեկատվություն էր դրել շրջանառության մեջ, ըստ որի` Ազատամուտում ադրբեջանցիները չափագրումներ են անում»:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր. «Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ։ Հիշեցնում եմ, հայ-ադբեջանական սահմանի այս հատվածում ոչ մի պատերազմ չի եղել։ Այն այնպիսին է, ինչպես առաջ էր։ Կա Բարխուդարլի կայարանի խնդիր։ Բայց Ադրբեջանն էլ մեզնից գրավել էր Բարխուդարլուից մի 20 անգամ ավելի մեծ տարածք՝ Արծվաշենը։ Բնական է, Արծվաշենը մեզ ետ տալու մասին խոսք չկա։

Հիմա Նիկոլը դավաճան է և ադբեջանաթուրքական գործակալ. սա հասկացանք։ Բայց այս դեպքում խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունն է։ Եվ դրա երաշխավորը ՀՀ Նախագահն է։ Քանի դեռ այդ հողերը թուրքը չի վերցրել, թող այս սրիկափալասը գնա Իջևան և մեր զորքերին ասի. համաձայն չեմ, ձեր դիրքերը մի զիջեք։ Ի դեպ, Արմեն Փալասովիչ դավաճան, սահմանը հենց այս պահին GPS-ով են որոշում։ Ասում էիր, իհարկե ուշացած, թե GPS-ով չի կարելի համաձայնել։ Դե գնա մի թող։ Կրկնում եմ, սահմանադրությամբ էլ սա քո գործառույթն է։ Մնում է այս ամենի կապակցությամբ հիշատակենք ևս 3 դավաճանի. փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, ՊՆ Վաղարշակ Հարությունյան և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան»։

168.am-ը Հրանտ Բագրատյանին խնդրեց անդրադառնալ մարզպետի ներկայացրած դատական հայցին, ի պատասխան՝ նա նշեց.  «Հայցը կլինի՝ կխոսենք: Պատշաճ կարգով հայց դեռ չեմ ստացել»:

Տեսանյութեր

Լրահոս