«Ակադեմիական քաղաք կառուցելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ». Դումանյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ հայտարարությանը՝ նշեց, որ բուհական համակարգը պետք է ունենա ժամանակակից կրթությանը համապատասխան պայմաններ:
«Վարչապետը ներկայացրել էր ակադեմիական քաղաք ունենալու գաղափարը: Մեր կառավարությունը հաստատակամ է այս գաղափարն իրագործելու համար: Ակնկալվում է, որպեսզի լինի ակադեմիական քաղաք, որտեղ կլինեն հրաշալի, հարմարավետ պայմաններ՝ բուհական գործընթացը կազմակերպելու համար: Ես կցանկանամ, որպեսզի մեր բուհական համակարգն ունենա բուհական ժամանակակից կրթությանը համապատասխան պայմաններ՝ լսարանային, շենքային, հանրակացարանային, սննդային, սպորտային, գրադարանային, զբոսանքի և այլն: Ուսանողները պետք է կարողանան սովորել ավելի տրամադրող միջավայրում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարարը:
Պատասխանելով գաղափարի իրագործման ժամկետների մասին հարցին՝ Դումանյանն ասաց, որ այն բավականին բարդ է, ինչպես նաև մեծածավալ ծրագիր է:
«Ակադեմիական քաղաք կառուցելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ: Միայն շենքերի մի մասի վաճառքից ձևավորված գումարով հնարավոր չէ ստեղծել նման կառույց: Սա մեխանիկական տեղափոխություն չի լինելու, այսինքն չի լինի այնպես, որ Երևանում վաճառենք շենքերը և այլ վայրում կառուցենք»,- ասաց Դումանյանը:
Նրա խոսքով՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու գաղափարը շատ ծավալուն է: Նախարարը հույս հայտնեց, որ գուցե գա այն օրը, երբ այդ գաղափարն իրագործվի: