Չեղած բանը չի անհետանում. Մատենադարանի արձագանքը՝ ԱՄԷ-ում «վաճառվող» ձեռագրերի մասին
Համացանցում լուրեր էին շրջանառվում, թե 2018 թվականին Մատենադարանից ձեռագրեր են անհետացել և վաճառվել ԱՄԷ-ում: Ամեն ձեռագիրը մինչև 1 միլիոն դոլարի հասնող՝ 500.000, 300.000, 800.000, 600.000 դոլար: Լուսանկարներում, բացի ձեռագրերից, ներկայացված է ինչ-որ սրահի հատակ:
Մատենադարանի բարձր տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերով տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանի խոսքով՝ Մատենադարանում նման «ֆակտուրայով» հատակ չկա, երկրորդ՝ անզեն աչքով իսկ երևում է, որ դրանք լուսանկարված են այլ վայրում, և այդ լուսանկարները ֆոտոշոփով մոնտաժվել են այնպիսի ֆակտուրա ունեցող լամինատային ֆոնի վրա, որը Մատենադարանի լամինատային հատակի ֆակտուրային չի համապատասխանում։ Բացի այդ, նրա խոսքով՝ Մատենադարանում ձեռագրերը չեն դնում հատակին՝ լուսանկարելու համար:
168.am-ի հարցին՝ Մատենադարանից 2018թ. ձեռագրեր անհետացե՞լ են, թե՞ ոչ, ու համացանցում հայտնված ձեռագրերից Մատենադարանում կա՞ն, Գուրգեն Գասպարյանը պատասխանեց.
«Մատենադարանից ոչ մի ձեռագիր չի անհետացել։ Ներկայացված պատկերներով ձեռագրեր Մատենադարանում ընդհանրապես չեն եղել։ Այնպես որ, չեղած բանը չի անհետանում։ Սա Մատենադարանը վարկաբեկելու անհաջող և անշնորհք փորձ է»: