Երազանքի պես մի բան էր Հայաստանում նման մի մրցաշարի մասնակցելը. Գյոկչյան
Լիբանանի բազմակի չեմպիոն «Ալ-Ռիադի»-ի բասկետբոլիստ Հայկ Գյոկչյանի կարծիքով Հայաստանում բասկետբոլը սկսել է զարգացում ապրել:
«Երազանքի պես մի բան էր Հայաստանում նման մի մրցաշարի մասնակցելը: Ցավոք սրտի, բասկետբոլի զարգացվածության մակարդակը Լիբանանում ավելի բարձր է և դրա համար էլ հանդես եմ գալիս այնտեղ: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում բասկետբոլը սկսել է զարգացում ապրել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյոկչյանը: Անդրադառնալով հայկական ակումբներին, որոնք հանդես էին գալիս Եվրասիական լիգայի բասկետբոլիստը շեշտեց, որ թիմերի առավել շատ պակասում է փորձը: «Եզրափակիչում իսկապես լարվածությունը շատ մեծ էր»,-ասաց Գյոկչյանը:
Մարտի 24-29-ը Երևանում երրորդ տարին անընդմեջ անցկացվեց բասկետբոլի Եվրասիական լիգան, որի եզրափակիչում մրցեցին Բեյրութի «Ալ-Ռիադի»-ն և Հայաստանի 20/21 մրցաշրջանի չեմպիոն «Վահագնի սիթի»-ն: Դրամատիկ վերջաբանով եզրափակիչում մեկ միավորի առավելությամբ հաղթեց լիբանանյան թիմը` 76:75: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թադե Քեշիշյանը, որը «Վահագնի Սիթիի» կազմում վաստակեց 20 միավոր։
Եվրասիական լիգային մասնակցում էին 5 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից ու Լիբանանից: Համավարակի պատճառով մրցաշարում իրենց մասնակցությունը չունեցան Բելառուսի, Իրանի և Ղազախստանի թիմերը: