Հեռանում է, որ մնա. ռուս և հայ քաղաքագետները վերլուծել են ընտրությունների նախաշեմին Փաշինյանի հավանական հրաժարականը
Նիկոլ Փաշինյանը «ոչ մի իրական հրաժարականի» էլ չի պատրաստվում: Այս մասին գրում է actualcomment.ru-ն` ներկայացնելով մի շարք փորձագետների կարծիքները: Ինչպես վերջիններս նշում են, հրաժարականի մասին նրա հայտարարությունը զուտ մարտավարական քայլ է, որպեսզի իբրև թե «վարչական ռեսուրս չօգտագործվի» հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոնցում, նա իրականում մտադիր է կրկին հաղթել և կրկին կառավարություն ձևավորել:
Քաղաքագետ Սերգեյ Մարկինի կարծիքով` Փաշինյանն իր հրաժարականի մասին հայտարարել է, որպեսզի ցույց տա, որ ինքն «ազնվորեն է հաղթում»: «Հենց որ նա տեղեկություն է ստացել սոցիոլոգներից այն մասին, որ իր ժողովրդականությունն անգամ լրջորեն նվազելով, այնուամենայնիվ, բարձր է մնում, քան իր մրցակիցներինը, որոշում է. լավ, այդ դեպքում կգնամ արտահերթ ընտրությունների: Նա օրերս չեղարկել է ռազմական դրությունը, որն իրեն խանգարում էր, և այժմ մեծ ինքնավստահությամբ ընտրությունների կգնա: Եվ որպեսզի ցույց տա, որ ամեն ինչ ազնիվ է անում, հրաժարական է տալիս: Սակայն գործնականում կառավարությունը մնում է նրա ենթակայության տակ»,- կարծիք է հայտնել քաղաքական գործիչը:
«Հենց այդ պատճառով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ոչինչ էականորեն չի փոխվի»,- ընդգծում է փորձագետը` նշելով, որ նոր խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, հակառուսական տրամադրվածություն ունեցող մարդկանց թիվը զգալիորեն ավելի քիչ կլինի, քան նախորդում:
Քաղաքագետ Եվգենի Բենը կարծիք է հայտնել, որ հավանաբար, Հայաստանը որոշակի պայմանավորվածություններ ունի Մոսկվայի հետ: «Այնքան էլ պարզ չէ, թե ով կարող է գալ նրան փոխարինելու: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում իշխանության կարող են գալ այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Քոչարյանն ու Սարգսյանը: Դա կնշանակեր ԼՂ շուրջ իրավիճակի ապակայունացում Լեռնային Ղարաբաղում, ինչը պետք չէ Ռուսաստանին, ինչպես նաև Ադրբեջանին և Թուրքիային»,- հայտնել է փորձագետը:
Բենի խոսքով` մնում է միայն գուշակել` դա Փաշինյանի հերթական քաղաքատեխնոլոգիական հնարքն է, թե կան տարբերակներ: «Հավանաբար, Փաշինյանը հենց այնպես չի ձևակերպել իր հեռանալու մասին միտքը: Նրա հեռացումը վաղուց արդեն հասունացել է, դեռևս մի քանի ամիս առաջ: Հայաստանում Փաշինյանն ամբողջովին վարկաբեկել է ինքն իրեն, նրա դեմ որոշակի կոմպրոմատ է գործում, նա մի այն դժգոհություն է առաջացնում»,- եզրակացրել է քաղաքագետը:
Քաղաքագետ, Ալեքսանդր Իսկանդարյանը նույնպես ընդգծել է, որ Փաշինյանի հայտարարությունը միայն ձևական բնույթ է կրում: Հայաստանը խորհրդարանական երկիր է, և վարչապետին ընտրում է հենց խորհրդարանը: Որպեսզի ընտրություններ կայանան, երկրի օրենսդիր մարմինը պետք է ցրվի: Այդ իսկ պատճառով Փաշինյանի որոշումը կարելի է անվանել պաշտոնական ընթացակարգ:
Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որի կարծիքով` Հայաստանն այլ ծրագիր ևս ունի, որով կարող է ժամանակավոր կառավարություն ձևավորվել: Նա ընդգծել է, որ ընդդիմությունն ունի վարչապետի իր թեկնածուն ունի` Վազգեն Մանուկյանը: «Նա Հայաստանի առաջին վարչապետն է, ինչպես նաև առաջին հաջողակ պաշտպանության նախարարն առաջին Արցախյան պատերազմի տարիներին: Մինչև Նիկոլ Փաշինյանի գալը նա եղել է հանրային խորհրդի նախագահը: Եթե նա կառավարություն ձևավորի 17 ընդդիմադիր կուսակցություններից, եթե միանա բանակը, ապա կլինի ոչ թե ռազմական հեղաշրջում, այլ ժամանակավոր կառավարություն` ընտրությունների նախապատրաստման համար»,- ընդգծել է փորձագետը` հավելելով, որ քաղաքացիների շրջանում վստահություն չկա Փաշինյանի հանդեպ: